Բաժիններ՝

Ի՞նչ պատահեց անցնող օրերի ընթացքում, որ հոգաբարձուների խորհուրդը որոշեց անվստահություն հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) շուրջ զարգացումները կարծես թե թևակոխել են զարգացման վճռական փուլ։

Ամիսներ շարունակ իշխանությունները, ի դեմս ԿԳ նախարարի ու Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի, փորձեցին պաշտոնանկ անել ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ այդ ճանապարհին գործադրելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները՝ սկսած լայնածավալ ստուգումներից՝ մինչև ուսանողական կազմակերպված ակցիաներ կասկածելի ֆինանսավորում ունեցող «Ռեսթարթ» ուսանողական կազմակերպության կողմից ու հրաժարական ներկայացնելու մասին հորդորներ։

Հարուցվեց քրեական գործ, ստուգումների արդյունքներով ՊՎԾ-ն ասուլիս հրավիրեց, որի ժամանակ հանդես եկած ստուգողներից  մեկը, ի դեպ, ըստ ԶԼՄ-ներում տարածված լուրերի, երեկ, ի թիվս 3 այլ աշխատակիցների, ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից շատ ծանր մեղադրանքներով։ Հատկանշական է, որ այդ լուրը ՊՎԾ-ում ըստ էության չեն էլ հերքել։

ԵՊՀ ռեկտորին անվստահություն կարող է հայտնել միայն հոգաբարձուների խորհուրդը, որը շուրջ 20 օր առաջ ընդունել է ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած հաշվետվությունը, ասել է թե՝ անվստահություն չի հայտնել նրան, իսկ փետրվարի 28-ին նույն այդ խորհուրդը, ըստ շրջանառվող լուրերի, հրավիրել է Խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգային միակ հարցը ռեկտորին անվստահություն հայտնելն է։ Այդ ի՞նչ պատահեց անցնող օրերի ընթացքում, որ հոգաբարձուների խորհուրդը որոշեց անվստահություն հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Թերևս, չի բացառվում, որ Խորհրդի անդամների վրա կարող են գործադրված լինել տարատեսակ ճնշումներ։

Ինչևէ, այսօր ժամը 13։00-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ նախատեսված է ակցիա՝ ի պաշտպանություն համալսարանական արժեքների, ԵՊՀ-ի  դեմ տարվող արշավի։

Մինչ բողոքի ակցիան կմեկնարկի, հետաքրքիր է հետևել կուլիսային խոսակցություններին, որոնք տեղ են գտել նաև ԶԼՄ-ներում։  Հետաքրքիր է, թե ում համար է նոր իշխանությունը, տվյալ դեպքում՝ ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արայիկ Հարությունյանը, ուզում ազատել ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ Հավանական թեկնածուների թվում է ԿԳ նախկին փոխնախարար, այժմ՝ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում անունը, հիշեցնենք, կապվում էր նաև դեռևս նախորդ տարվա նոյեմբերին ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի դեմ տարվող արշավի հետ։

Որպես ԵՊՀ նոր ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու հավանական թեկնածու՝ շրջանառվում է նաև թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի անունը, ում, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը»։

Թերթը զրուցել էր նաև Ռուբեն Մելքոնյանի հետ, ով ասել էր, որ երբևիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որևէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,- հավելել էր նա:

Հարցը գտնվում է հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, երեկ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։ Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները և օգտագործում ենք X-եր և Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետևյալ տեսքն ունի։

1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։

2. կարևորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։

3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տևում են ամիսներ։

4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, և նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։

6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։

7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր Y-ին հրաժարական տալ։

8. Ռեկտոր Y-ը հանրայնացնում է հորդորը և հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարարած ծավալը նվազել է մինչև 0.05մլն$ է:

10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր Y-ին պաշտոնանկ անելու օրակարգով։

Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։

…Կարևոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը և Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատության։ Կարևորագույն ազգային-կրթական հաստատության։

Հ.Գ. Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա»,- գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

Այն, որ համալսարանում կան տարիներով կուտակված խնդիրներ, և, որ Արամ Սիմոնյանի կառավարման տարիներն աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող երևույթներով, և, որ նա ռեկտորի լավագույն թեկնածուն չէր, ակնհայտ է, սակայն այն, ինչ կատարվում է նրա դեմ և հատկապես Երևանի պետական համալսարանի դեմ՝ վեր է բոլոր բանական ընկալումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս