
Թուրքիայի մեջլիսը Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դատապարտող հայտարարության մեջ տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «ՀՀ ստորաբաժանումների կողմից իրականացված կոտորածը և Ադրբեջանի տարածքների բռնազավթումը»:
Նշվել է, որ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն, «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» պետք է տեղի ունեցածի գնահատականը տան:
Հայտարարության մեջ ևս մեկ անգամ տուրք է տրվել զոհերի, վիրավորների, գերիների և անհայտ կորածների մասին ադրբեջանական կեղծ թեզերին:
Հայտարարության մեջ Խոջալուի դեպքերն անվանվել են «մարդկության պատմության ամենասև էջերից մեկը»:
Ընդգծվել է, որ Թուրքիան համերաշխ է ադրբեջանցի եղբայրների հետ իրենց «արդարացի դատի» հարցում: Կրկին կոչ է արվել, որ այս դեպքերի մեղավորները միջազգային դատարանի առաջ կանգնեն, իսկ Հայաստանն էլ «Ադրբեջանի բռնազավթված տարածքներից» րոպե առաջ դուրս գա: