Զելենսկին պահպանել է առաջատարի դիրքը Ուկրաինայի նախագահական վարկանիշը
Ուկրաինացիների ավելի քան 26 տոկոսը պատրաստ է նախագահական ընտրություններում իր ձայնը տալ շոումեն Վլադիմիր Զելենսկու օգտին, երկրորդ տեղն զբաղեցնում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ հավաքելով ձայների 18 տոկոսը, երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոնէ, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 13,8 տոկոսը: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ) կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին:
Հարցման տվյալների համաձայն, որոնք փետրվարի 25-ին հրապարակվել են ԿՍՄԻ-ի կայքում, այն հարցվածների շրջանում, որոնք գնալու են ընտրություններին եւ որոշել են իրենց թեկնածուին, Զելենսկուն պատրաստ է աջակցել ուկրաինացիների 26,4 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցնում է Պորոշենկոն, որի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ երկրի բնակիչների 18 տոկոսը, երրորդ հորիզոնականում Տիմոշենկոն է, որն ստացել է հարցվածների ձայների 13,8 տոկոսը:
Հետազոտությունը փետրվարի 8-ից մինչեւ 20-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների 110 բնակավայրում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2042 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,3 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: