
«Ես հարգում եմ Սարրիին: Տեղի ունեցավ անհամաձայնություն». Կեպա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արրիսաբալագան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Լիգայի գավաթի եզրափակչում իր պահվածքը:
Իսպանացի դարպասապահը 11-մետրանոց հարվածաշարից առաջ հրաժարվեց փոխարինման դուրս գալ և վիճեց թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրիի հետ:
«Ես տխուր և հիասթափված եմ, որ չկարողացա նվաճել գավաթը:
Մենք շատ մեծ աշխատանք արեցինք թիմի հետ և շարունակելու ենք աշխատել, որպեսզի դառնանք ավելի լավը:
Ես ցանկանում եմ մի քանի բան մանրամասնել այսօրվա խաղի հետ կապված: Ես ցավում եմ խաղի վերջաբանի համար:
Ես երբեք նպատակ չեմ ունեցել անտեսել մարզչի խոսքը, չլսել որոշումները: Կարծում եմ, տեղի ունեցավ անհամաձայնություն՝ կապված խաղի թեժ վերջաբանի հետ:
Մարզիչը կարծում էր, որ ես չեմ կարող շարունակել խաղը, իսկ ես ցույց էի տալիս, որ կարող եմ օգնել թիմին: Դա տեղի ունեցավ ավելի շուտ, քան բժիշկը կհասներ պահեստայինների նստարանին և կփոխանցեր մարզչին իմ խոսքերը:
Այն պատկերը, որ արդյունքում ստացվեց, չէր մտնում իմ նպատակների մեջ: Ես հարգում եմ Սարրիին»,- գրել է Կեպան իր թվիթերյան էջում:
Սիրարփի Աղաբաբյան