
Վիետնամը փակել է ՉԺՀ-ի հետ սահմանի երկաթուղային կայարանը Կիմ Չեն Ունի ժամանման կապակցությամբ

Վիետնամի իշխանությունները փակել են Լանգշոնի հյուսիսային նահանգի՝ Չինաստանի հետ սահմանի Դոնգդանգ երկաթուղային կայարանը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի սպասվող ժամանման կապակցությամբ: Փետրվարի 25-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է այն շրջանների մի աղբյուր, որոնք զբաղվում են Հանոյում փետրվարի 27 – 28-ը կայանալիք՝ ԿԺԴՀ – ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստմամբ:
«Սահմանափակումները գործում են փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը»,- ասել է զրուցակիցը: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ «ԿԺԴՀ-ի հատուկ գնացքն, ինչպես սպասվում է, փետրվարի 26-ին կժամանի Դոնգդանգ կայարան, որտեղից Հյուսիսային Կորեայի պատվիրակությունն ավտոմոբիլային տրանսպորտով արագընթացիկ խճուղով կուղեւորվի Հանոյ (հեռավորությունը կազմում է շուրջ 180 կիլոմետր)»:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն իր զրահապատ գնացքով Փհենյանի կայարանից Հանոյ է ուղեւորվել փետրվարի 23-ի օրվա երկրորդ կեսին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքից մինչեւ Վիետնամ երկաթուղային երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 4,1 հազար կիլոմետր: