
ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն կարող են Հանոյում համաձայնության գալ Կորեական պատերազմի ավարտման շուրջը. Yonhap

Միացյալ Նահանգները եւ ԿԺԴՀ-ն պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա փետրվարի 27 – 28-ը Հանոյում, կարող են համաձայնության գալ հաշտության պայմանագրի կնքման շուրջը, որը կոչված է պաշտոնապես վերջ դնելու Կորեական պատերազմին (1950 – 1953): Փետրվարի 25-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Երկնագույն տան (Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնական նստավայրի) պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ույ Գյոմին։
«Ես հավատում եմ, որ հնարավորություն կա,- մեջբերում է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքից:- Այժմ ոչ մի կերպ չի կարելի ենթադրել, թե ինչ տեսք կունենա հռչակագիրը, բայց ես հավատում եմ, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն կարող են համաձայնության հասնել հաշտության պայմանագրի կնքման շուրջը, որը կավարտի (Կորեական) պատերազմը՝ ցանկացած ձեւաչափով:»
Փետրվարի 24-ին The Washington Post թերթը, վկայակոչելով արտաքին քաղաքականության հարցերի փորձագետների, տեղեկացրել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է արտահայտվել հօգուտ հաշտության պայմանագրի ստորագրման, որը պետք է պաշտոնապես ավարտի Կորեական պատերազմը: Նրանց տվյալներով՝ նման հայտարարությունը, որը չի ներառում ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի սահմանափակման կոնկրետ քայլեր, կարող է շեղել ԱՄՆ-ի ներքաղաքական խնդիրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: