Իրաքն ԻՊ-ի դեմ գործողություն է սկսել Սիրիայի հետ սահմանամերձ նահանգներում
Իրաքի զինված ուժերը փետրվարի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են սկսել Սիրիայի հետ սահմանամերձ նահանգներում: Այդ մասին հայտարարել է երկրի զինված ուժերի համատեղ գործողությունների հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Յախյա Ռասուլը:
«Գործողությունն անցկացվում է Սալահ Էդ Դին, Նայնավա, Անբար նահանգներում, որոնք սահմանակցում են Սիրիային: Ռազմարշավի նպատակը, որում գործի են դրված հետեւակն ու օդուժը, ԻՊ-ի ելուզակախմբերի մնացորդների ոչնչացումն է եւ անվտանգության խախտում ու ահաբեկիչների ներթափանցում թույլ չտալը»,-զինվորականի խոսքը մեջբերել է Al Hayat թերթը:
Գեներալի հայտարարությունը հնչել է Սիրիայից Անբարի նահանգ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխավորությամբ ԻՊ-ի զինյալների փոխադրման վերաբերյալ իրաքյան ԶԼՄ-ների հաղորդումների ֆոնին: Բաղդադից մինչ այժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել:
ԻՊ խմբավորումը Իրաքի տարածքի մի մասը բռնազավթել էր 2014 թվականի ամռանը: 2015 թվականին Իրաքի կառավարական ուժերը միջազգային կոալիցիայի աջակցությամբ լայնամասշտաբ ռազմարշավ սկսեցին ահաբեկիչների գրաված շրջաններն ազատագրելու համար: 2017 թվականի դեկտեմբերին Իրաքի ղեկավարությունը հայտարարեց երկրում ԻՊ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: