
««Մանչեսթեր Սիթին» թիմ է, որը գիտի ամեն ինչ». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գնահատել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի աշխատանքը:
««Մանչեսթեր Սիթին» թիմ է, որը գիտի ամեն ինչ: Նրանք ծանոթ են խաղի բոլոր փոքր դետալներին և կարողանում են վերահսկել բաներ, որոնք հաղթահարում են միայն մեծ փորձ և խելացի ֆուտբոլիստներ ունեցող թիմերը: Նրանք շրջապատում են մրցավարին երեք կամ չորս խաղացողներով, որպեսզի ազդեն նրա որոշման վրա և հասնեն պատժի մրցակցի համար:
Այս թիմը ֆուտբոլ խաղում է այնքան հրաշալի, որքան և օգտագործում է խաղում մանր դետալներ, որոնք, ի վերջո, կարևոր դեր են խաղում»,- Մոուրինիոյին է մեջբերում Goal.com-ը՝ հղելով DAZN-ին:
Հիշեցնենք, որ «քաղաքայինները» Գվարդիոլայի գլխավորությամբ երեկ՝ փետրվարի 24-ին, նվաճեցին Անգլիայի լիգայի գավաթը՝ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթանակի հասնելով «Չելսիի» նկատմամբ: Այս տիտղոսը 25-րդն էր Գվարդիոլայի կարիերայում: Այս ցուցանիշով նա հավասարվեց Մոուրինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը