Թրամփը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովին մասնակցելու համար Հանոյ կժամանի փետրվարի 26-ի երեկոյան. Reuters
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 26-ի երեկոյան կժամանի Վիետնամի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովին, որը նշանակված է փետրվարի 27-28-ին: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վիետնամի ԱԳ նախարարության հայտարարությունը:
Սպասվում է, որ փետրվարի 27-ին առավոտյան Թրամփը հանդիպում կանցկացնի Վիետնամի նախագահ եւ երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հետ:
Պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Դրա արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ է ստանձնել Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: