Դիլիջանում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 20-ին մի խումբ անձինք, Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին, ապօրինի պահվող 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ են արձակել Տավուշի մարզի՝ 1979թ. ծնված բնակչի կողմից վարվող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: