Բրիտանական կառավարությունն ուսումնասիրում է Brexit-ը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը. The Daily Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախարարների կաբինետն ուսումնասիրում է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ժամկետը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը: Ինչպես նշում են հրատարակության աղբյուրները, կառավարության ղեկավարի դիվանատանը մշակվել է պլան, որի համաձայն Մեյը պաշտոնապես համապատասխան խնդրանքով կդիմի Եվրամիությանը, եթե մինչեւ մարտի 12-ը բրիտանական խորհրդարանն առաջվա պես պատրաստ չլինի հավանություն տալ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Ինչպես կիրակի օրը հայտարարել է Մեյն ինքը, հենց մինչեւ այդ ամսաթիվը խորհրդարանում պետք է նոր քվեարկություն կայանա Բրյուսելի հետ գործարքի նախագծի շուրջ, որի ներկայիս տարբերակը պատգամավորները մերժեցին հունվարի 15-ին:
Հրատարակության տվյալներով՝ նախարարների կաբինետի անդամները գտնում են, որ երկու ամիսը բավական է իրադրությունն այն փակուղուց դուրս բերելու համար, որում այն այժմ գտնվում է: Ընդսմին, ըստ The Guardian-ի տվյալների՝ Եվրամիությունում կնախընտրեին Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի վերջը, երբ լրանում է Եվրամիության հերթական յոթնամյա բյուջետային շրջանը։
Ավելի վաղ իշխող Պահպանողական կուսակցությունից 100 խորհրդարանականների ներառող խումբը նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ իրենք պատրաստվում են դեմ հանդես գալ նրա գլխավորած կառավարությանը եւ ստիպել նրան հետաձգելու Brexit-ը, եթե նա չկարողանա այնպիսի գործարքի հասնել Եվրամիության իշխանությունների հետ, որը կպաշտպանի բրիտանական խորհրդարանը: Համայնքների պալատի հիշյալ պատգամավորների հարյուրակը միավորվել է այսպես կոչված Brexit Delivery Group-ում (Brexit-ի իրականացման խումբ): Այն միավորում է ԵՄ-ից երկրի դուրս գալու ինչպես գաղափարական կողմնակիցներին, այնպես էլ հակառակորդներին, որոնք, հայացքների բոլոր տարբերություններով հանդերձ, Բրյուսելի հետ չկարգավորված «ապահարզան» չեն ցանկանում:
The Sun-ը փետրվարի 21-ին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց: Հակառակ դեպքում, ըստ թերթի տեղեկությունների, նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են «խռովությամբ» եւ հայտնել, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն հաջակցություն Brexit-ի ժամկետի հետաձգման հարցը խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնության: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր եւ արդարադատության նախարար Դեւիդ Հոքը, բիզնեսի գործերի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը եւ Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: