Ապրիլյան պատերազմի զինծառայողները դիմում են գրում կալանավորված անձի անունով
Փետրվարի 11-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ ) հայտարարել է ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ զինված ուժերում ծառայած ուսանողներին ուսման վարձի՝ 20 տոկոսի չափով փոխատուցման ծրագիրը:
Հիշեցնենք, խոսքը ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնած մինչև 50% ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին է, որն արդեն երրորդ տարին է՝ ինչ իրականացվում է հիմնական՝ 30 %-ը՝ բուհերի կողմից, մյուս 20%-ը՝ ՀԵՀ-ի միջոցով կառավարությունից իջեցված ԿԳՆ-ՀԵՀ միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում:
2018-2019թթ. ուսումնական տարվա ուսվարձերի փոխհատուցման համար այս օրերին ՀԵՀ են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով սովորող հարյուրավոր զորացրված ուսանողներ: Եվ ուշագրավն այն է, որ նրանք բոլորը դիմումները հասցեագրում են հիմնադրամի փողերը յուրացնելու համար կալանավորված տնօրենին:
Հիշեցնենք, Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ազատազրկվել է հիմնադրամի անունից ինքն իր հետ 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր կնքելու համար: Հիմնադրամի երկարամյա տնօրենի կատարած հանցագործությունը հեղափոխությունից հետո բացահայտել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և շտապել էր հայտնել Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, փողերի լվացման և յուրացման գործով Ալեսանդր Տեր-Հովակիմյանն ազատազրկված է 2018-ի հունիսի 1-ից, Քննչական կոմիտեի Երևանի վարչությունում քրեական գործը հարուցվել էր Կարեն Ավագյանի դիմումի հետքերով:
Դատարանը 2019թ. հունվարի 25-ին բավարարել է՝ ՀԵՀ-ի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննչի միջնորդությունը:
Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով յուրացման համար):
Սյուզի Բադոյան