Քրեական հեղինակություն համարվող «Օշականցի Գևորիկի» մերձավորի նկատմամբ գրավ է կիրառվել
Դատարանը գրավ է կիրառել քրեական հեղինակություն համարվող «Օշականցի Գևորիկի»՝ Գեւորգ Մելիքյանի մերձավորի նկատմամբ եւ կալանքից ազատ արձակել։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, բավարարել է քրեական գործով ամբաստանյալ Սեդրակ Թովմասյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Գրավի չափ է սահմանվել մեկ միլիոն ՀՀ դրամը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Թովմասյանին եւ նրա եղբոր` Արշակունի Թովմասյանին, ով քրեական հեղինակություն Գեւորգ Մելիքյանի փեսան է, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Սամվել Ուզունյանին:
Ըստ մեղադրանքի` Թովմասյան եղբայրները 2018 թվականի հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, այնուհետեւ Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածքում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Կարեն Սիրեկանյանի մարմնի տարբեր մասերին`վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Պատճառը Սիրեկանյանի կողմից արված դիտողությունն էր «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազի կենտրոնական հատվածում եղբայրների երթեւեկելու վերաբերյալ, որ առաջացրել էր վիճաբանություն: Թովմասյան Եղբայրները իջել են ավտոմեքենայից եւ պարզաբանումներ պահանջել Սիրեկանյանից, ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այնուհետեւ ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ էլ շարունակել են բռնության գործադրումը՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։