Բաժիններ՝

«Արսենալ»-«Սաութհեմփթոն». թիմերը իրավունք չունեն կորցնել միավորներ

Այսօր «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Արսենալ» -«Սաութհեմփթոն» հանդիպումը:

«Արսենալ»

Մրցաշրջանի սկզբում Ունայի Էմերին փորձում էր «Արսենալին» վերադարձնել Չեմպիոնների լիգա, և սկզբում ամեն ինչ գերազանց էր ընթանում: Սակայն մրցաշրջանի միջնամասում լոնդոնցիների մոտ սկսվեցին խնդիրները: Հիմա իրավիճակը մի փոքր այլ է և վերջին 13 խաղերից 6-ում թիմը պարտվել է, չնայած դրանից առաջ չէր պարտվում 22 խաղ անընդմեջ:

Լոնդոնյան ակումբը այս տուրից առաջ մրցաշարային աղյուսակում 5-րդ է: 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդին» Ունայի Էմերիի սաները զիջում են ընդամնեը 1 միավոր, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմին»՝ 10 միավոր: Այնպես որ, 4-րդ հորիզոնականի համար պայքարող Էմերին և իր թիմը սխալվելու հնարավորություն պարզապես չունեն:

Առաջնության վերջին խաղում լոնդոնցիները մրցակցի հարկի տակ հաղթեցին «Հադերսֆիլդին»: Խաղը տեղի ունեցավ փետրվարի 9-ին: Դրանից հետո Անգլիայում տեղի էին ունենում գավաթային հանդիպումներ: Այս դադարի ընթացքում լոնդոցիները մասնակցեցին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղին: Մրցակցի հարկի տակ 1:0 պարտվելուց հետո «Արսենալը» ռևանշի հասավ 3:0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

«Արսենալի» անհաջող շարքը կարելի է արդարացնել մի շարք վնասվածք ունեցող ֆուտբոլիստների առկայությամբ: Այս խաղին չեն մասնակցի Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինգը և Դենի Ուելբեքը: Հարցականի տակ է նաև Լորան Կոսելնիի և Էյնսլի Մայթլենդ-Նայլսի մասնակցությունը:

«Սաութհեմփթոն»

«Սաութհեմփթոնը» այս խաղի համար ևս քիչ մոտիվացիա չունի: Այժմ թիմը շատ վտանագավոր հատվածում է և եթե մի քանի լավ արդյունքներ չգրանցի, կարող է լքել Պրեմիեր լիգան: «Սաութհեմփթոնին» գերազանցում է «Քարդիֆը», որը ունի ընդամենը մեկ միավորի առավելություն և այս տուրում արդեն անցկացրել է իր խաղը:

Հենց «Քարդիֆին» «Սաութհեմփթոնը» անակնկալ կերպով պարտվեց և ընդհանեց առանց պարտությունների 5-խաղյա շարքը: Այդ 5 խաղերում «Սաութհեմփթոնը» 3 անգամ ոչ-ոքի էր խաղացել և տոնել էր 2 հաղթանակ:

Արտագնա վերջին 4 խաղերում Ռալֆ Հազենհյութլի սաները չեն պարտվել՝ հաղթելով «Հադերսֆիլիդին» (3:1) և «Լեսթերն» (2:1), ինչպես նաև ոչ-ոքի խաղալով «Չելսիի» (0:0) և «Բարնլիի» (1:1) հետ:

Հարձակվող Դանի Ինգզը և կիսապաշտպան Մարիո Լեմինը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն այս խաղը, քանի որ վնասվածքներ ունեն: Հարցականի տակ է նաև Սթյուարթ Արմսթրոնգի մասնակցությունը:

«Արսենալը» հիմա պայքարում է լավագույն քառյակի համար և պարզապես իրավունք չունի միավորներ կորցնել, այն էլ նման մրցակցի հետ խաղում: Սեփական հարկի տակ լոնդոնցիները բավականինն վստահ են հանդես գալիս հատկապես հարձակման գծում: «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթել է վերջին 6 խաղերում: Բացի այդ, արդեն 12 խաղ է լոնդոնցիները չեն պարտվում սեփական պատերի ներքո՝ հաղթելով դրանցից 10-ում:

«Սաութհեմփթոնը» ևս վերջին խաղերում պարտադիր դառնում է գոլերի հեղինակ, այնպես որ կարող ենք ասել, որ մեզ սպասվում է հետաքրքիր և գոլառատ հանդիպում:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 18:05-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս