«Միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել և բարձր են գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող «IDEX-2019» համաշխարհային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված հայկական ռազմական արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային ռազմական փորձագետների կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նախարար Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում օրերս ԱՄԷ-ում էր:
««IDEX-2019»-ը Աբու Դաբիում երկու տարին մեկ անգամ անցկացվող համաշխարհային մեծ ցուցահանդես է`զենք-զինամթերքի, ռազմական արդյունաբերության և ընդհանրապես ռազմական արտադրանքի: Լինում է պրոֆիլային երկու ուղղությամբ` ցամաքային և ծովային: Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում այդ միջոցառմանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էինք որոշակի արտադրանք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում: Պետք է ասեմ, որ միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել են և բարձր գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորույթները:
«Մի շարք նորություններ կային, հատկապես` ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում`հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Միջոցառումը նոր է ավարտվել, թե ովքեր ինչ հետաքրքրություն են դրսևորել, որոշ ժամանակ անց կունենանք այդ ամենն ամփոփելու հնարավորությունը»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միջազգային այսպիսի հարթակներում հանդես գալով՝ Հայաստանը կարող է լուրջ կապեր ձեռք բերել, որոնք, եթե ոչ այսօր, ապա պետք կգան հետագայում:
«IDEX» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 95 պետություն: Ռազմական համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է հետևյալ արտադրանքները՝ էլեկտրաօպտիկական հակահարվածային համակարգ- 3k01, դիպուկահար հրացան- K-8, T72A տեսակի տանկի գնդացրի համար նախատեսված ջերմատեսիլ նշանառության սարք, ականազերծման ինդուկցիոն սարք- RIA-1, զրահաբաճկոն- GS-47/0717, հետախուզական անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ռազմական և ստրատեգիական կոշիկներ, դիպուկահարի 3×9 նշանառու սարք, թիրախի հայտնաբերման միկրոալիքային ուժեղացուցիչ- 75G:
Հիացական գնահատականի է արժանացել նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ելույթը: «Վերջին տարիներին համագործակցության լավ ավանդույթ է ձևավորվել «Երևանի թմբուկներ» խմբի և ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի միջև, ինչպես Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, այնպես էլ` դրսում: Դա մշակույթի տեսակ է դարձել արդեն: Այդ խմբերը ԱՄԷ են մեկնել հյուրընկալող երկրի հրավերով, և հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենք արդեն այսօրվա դրությամբ դեռ չեն վերադարձել, որովհետև նրանց ուղղակի պահում են այնտեղ: Այդքան նրանց շատ սիրել են: Ամեն օր գրեթե նույն հաճախականությամբ շարունակում են ելույթ ունենալ հյուրերի ու այցելուների համար: Արդեն ունեն նաև այլ միջոցառումներին մասնակցելու հրավերներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նորայր Շողիկյան