Բաժիններ՝

Հափշտակություններ քարի արտադրամասից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քարի արտադրամասից հափշտակություն կատարելու գործի՝ անջատված մասով նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել նաև գողությանը մասնակցած չորրորդ անձին։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2016թ. հոկտեմբեր ամսին Արմավիրի մարզի բնակիչները՝ ծնված 1990, 1976 և 1977թթ.,  և Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ., նախնական համաձայնությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, քարի արտադրամասից կատարել են գողություն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ անձինք Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող, ներկայումս չգործող քարի արտադրամասից, որտեղ առկա են եղել քար կտրելու համար նախատեսված գործիքներ և սարքավորումներ, հափշտակել են քար կտրելու հաստոցի շարժիչներ՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով զգալի գույքային վնաս:

Հափշտակված շարժիչները հետագայում մասնատել և վաճառել են, որից ստացված գումարը բաժանել են հափշտակությանը մասնակից չորս անձանց միջև ու օգտագործել անձնական կարիքների համար:

2018թ. սեպտեմբերի 26-ին երեք մեղադրյալների՝ 1990, 1976 և 1977թթ. ծնված Արմավիրի մարզի բնակիչների մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Քրեական գործով չորրորդ մեղադրյալի՝ Երևան քաղաքի 1983թ. ծնված բնակչի մասով, 2018թ.  սեպտեմբերի 8-ին որոշում էր կայացվել՝ առանձին վարույթ առանձնացելու, նրան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

2019թ. հունվարի 18-ին 35-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հաջորդ օրը՝ հունվարի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն արտադրամասից անհայտ անձի կամ անձանց կողմից կատարվել են այլ հափշտակություններ ևս: Որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթ առանձնացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս