Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը «խելացնոր Բեռնի Սանդերսին» հաջողություն է մաղթել 2020 թվականի նախագահական ընտրարշավում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին։

«Խելացնոր Բեռնին հենց նոր մրցավազքի մեջ մտավ: Հաջողություն եմ մաղթում նրան»,-փետրվարի 20-ին գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: Հայտարարելով ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, 77-ամյա Սանդերսն ասել է. «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին: 2016 թվականին Սանդերսն իր թեկնածությունն Էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում պարտվեց Հիլարի Քլինթոնին, որը հետագայում համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին: Ավելի վաղ Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու համար:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին:

Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը: Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) եւ Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս