Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խոր ափսոսանքով տեղեկացա մեր ժամանակների ազգային մեծագույն գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դերակատարություն իրականացրած, Ալեք Մանուկյանի գործի հավատավոր շարունակող Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին:
Ես պատիվ ու երջանկություն եմ ունեցել 1990 թվականից սկսած մեր մեծ հայրենակցի հետ մշակել ու իրականացնել բազում ծրագրեր, որոնց մասին դեռևս հատորներ պետք է գրվեն: Նա ոտքով է անցել Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհներով, քաջատեղյակ է եղել նորանկախ պետության կայացման, անվտանգության երաշխավորման, կյանքի տարբեր ոլորտները ներառող մարտահրավերներին ու անմնացորդ ջանքերով աջակից է եղել դրանց հաղթահարմանը: Հատկապես Հայաստանի անկախացման ու արցախյան տագնապի առաջին տարիներին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Հրայր Հովնանյանի ու էլի մի շարք հայ երևելիների ջանքերը բախտորոշ նշանակություն ունեցան մեր երկրի ապագայի համար: Վստահ եմ՝ սերունդները դեռևս առիթն ու հնարավորությունը կունենան ամբողջական ու հավաստի պատկերացում ունենալ նրանց քաջագործությունների մասին ու անթաքույց հպարտանալ նրանցով:
Իմ խոնարհումը Լուիզ Մանուկյան-Սիմոնի խնկարկելի հիշատակին, խորին ցավակցությունս հարգարժան Ռիչարդ Մանուկյանին ու Մանուկյանների ընտանիքի բոլոր անդամներին»: