«Արսենալ ԼՏԴ» ընկերությունը զենքի և զինամթերքի արտադրություն է սկսում
«Արսենալ ԼՏԴ» ընկերությունը Հայաստան է ներմուծում 413.8 մլն դրամի հաստոցներ և այլ արտադրական տեխնիկա։ Որպես գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և այլ նյութեր, կառավարությունը վաղվա նիստում «Արսենալ ԼՏԴ»-ին կտրամադրի մաքսատուրքից ազատման արտոնություն։
Ըստ որոշման նախագծի՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ։ Այդ ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Նախագծի հեղինակները գտնում են, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Թե որքա՞ն աշխատատեղ կստեղծվի, որոշման նախագծում գրված չէ։
Նշենք, որ 2018 թ. դեկտեմբերի դրությամբ ընկերությունում գրանցված է եղել 8 աշխատակից։
«Արսենալ ԼՏԴ» ընկերությունը ստեղծվել է 2017 թ. հոկտեմբերին։ Պետռեգիստրի տվյալներով՝ դրա հիմնադիրն է Բելառուսի քաղաքացի Ստանիսլավ Բեկովը։