«Անհանգստացնում են այն թեզերը, որոնք արտահայտվում են վարչապետի, խոսնակի կամ վերին աստիճանի ակտիվացած ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից». Լարիսա Ալավերդյան
«Արցախյան հակամարտության հարցում կան քողարկված, լատենտ բուռն զարգացումներ, որոնք ավելի լուրջ են, քան երևում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ սա այն դաշտն է, որտեղ կարող են լինել այնպիսի շերտեր, որոնք պարտադիր չէ, որ հասու լինեն լայն հանրությանը:
«Բայց փորձագետներին, շահագրգիռ կողմերին անհանգստացնում են այն թեզերը, որոնք արտահայտվում են վարչապետի ու իր խոսնակի կամ վերին աստիճանի ակտիվացած ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից: Դրանք շատ հակասական են:
ՀԱԿ-ի ակտիվացումը բոլորիս հուշում է մեկ բան՝ խոսքը կրկին գնում է այն տարբերակի մասին, որով հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր թիմակիցներով: Այն ամբողջովին մերժված էր ժամանակին, համոզված եմ՝ մերժված է նաև այսօր»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ անհանգստացնում է նաև այն, որ վարչապետի թիմն այսօր համալրում են մարդիկ, ովքեր եղել ու մնում են հավատարիմ առաջին նախագահի մոտեցումներին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրենն ընդգծեց՝ կարևոր է հստակությունը:
«Նոր իշխանությունները հարցը բոլորովին նոր հունի մեջ պետք է դնեն և չձգձգեն, քանի որ ոսկյա հնարավորություն է, հակառակ դեպքում՝ վտանգ կա, որ նույն հունի մեջ ենք մնալու: Վարչապետը դեռևս մայիսի 9-ին պետք է ասեր, որ մերժում է ցանկացած թեզ, որտեղ որ կա Արցախի հանդեպ նահանջողական որևէ քայլ»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Անի Կարապետյան