
Մեծ Բրիտանիան ընդլայնում է դրոնների համար ոչ թռիչքային գոտին օդանավակայանների շուրջը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել խստացնել անօդաչու թռչող ապարատներից օգտվելու կանոնները՝ երկրի օդանավակայանների շուրջը ոչ թռիչքային գոտին ընդլայնելով 1-ից մինչեւ 5 կիլոմետր՝ Գաթվիք օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչության՝ փետրվարի 20-ին տարածված հայտարարության մեջ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 13-ին: Ներկայում արդեն գործում է 122 մետրից ավելի բարձրությունում դրոնների թռիչքների արգելքը: Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգի խոսքով՝ օդանավակայանների մերձակայքում անօդաչուների թռիչքները «լուրջ հանցագործություն» են:
«Այժմ մենք ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցներ եւ դրոնների համար անթռիչք գոտին ընդլայնում ենք մինչեւ 5 կիլոմետր՝ օդանավակայանների անվտանգության ապահովման նպատակով»,- նշել է նախարարը: