Բաժիններ՝

Պրոդյուսերները փոփոխություններ են կատարել «Օսկար»-ների հանձնման առաջիկա արարողության մեջ

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի փետրվարի 24-ին Լոս Անջելեսում նորովի ձեւավորված բեմի վրա, առանց հաղորդավարի ներածական մենախոսության եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված կինոնկարների ցուցադրման նոր կարգով: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով արարողության պրոդյուսերներ Դոննա Ջիլիոտիին եւ Գլեն Ուեյսին:

Բեմը, որի վրա հանձնելու են մրցանակները, ոսկեզօծ երանգներով է ձեւավորված դիզայներ Քեւին Քորինսի նախագծի համաձայն, որը Բրոդվեյում ձեւավորել է «Համիլթոն» եւ «Հարգելի Էվան Հանսեն» մյուզիքլները:

«Մենք ցանկանում ենք, որ այս տարի ամեն ինչ նոր տեսք ունենա»,-նշել է Գլեն Ուեյսը: Նրա խոսքով՝ հաճելի էր անցյալ տարիների պրակտիկայից հրաժարվելու որոշումը, երբ հաղորդավարն արարողությունը բացում էր մենախոսությամբ: Այս տարի, Ուեյսի խոսքով, պրոդյուսերները գործողությունների «մանրակրկիտ պլան» են մշակել այն պայմաններում, երբ արարողության հիմնական հաղորդավար չի լինելու:

Նա չի ճշտել, թե հատկապես ինչպիսին է լինելու արարողության սկիզբը, բայց հասկանալ է տվել, որ մրցանակի առաջին դափնեկրին կարող են հայտարարել միջոցառման սկսվելուց արդեն վեց-յոթ րոպե անց: Փոփոխություններ են մտցվել նաեւ այն կինոժապավենների ներկայացման կարգի մեջ, որոնք «Օսկար»-ի են հավակնում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Անցյալ տարի անվանակարգորդ- ֆիլմերի թրեյլերները ներառվել էին մեկ չորսրոպեանոց տեսասյուժեում, որը ցուցադրվել էր հաղթողին հայտարարելուց անմիջապես առաջ: Առաջիկա արարողությանը մրցանակի առաջադրված ութ ֆիլմերից յուրաքանչյուրի մասին կպատմի հանդիսատեսներից որեւէ մեկը: «Օսկար» կինոմրցանակի հանձման 91-րդ արարողությունը փետրվարի 24-ին կանցկացվի Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս