«Սա պատահական կառավարություն է, որը չունի հստակ տեսակետ». Նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ կառավարության ծրագիր ասելով՝ իրենք ուրիշ բան են հասկանում, իսկ իշխանության ներկայացուցիչները՝ բոլորովին այլ բան։
Նրա բնորոշմամբ, կառավարության ծրագրում կան պարբերություններ, որտեղ գրված են գեղեցիկ խոսքեր, սակայն ընդհանուր առմամբ այն ունի հուշագրի տեսք։

«Երբ ասում են՝ ինչո՞ւ թվեր չկան, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այն, ինչ այստեղ ներկայացված է, չէր կարող թվեր ունենալ։ Երկար սպասում էինք այս ծրագրին, որը պետք է ներկայացներ նոր իշխանությունը, քանի որ իշխանափոխության ժամանակ հնչում էին բազմաթիվ վերամբարձ խոստումներ։ Սակայն այն ժամանակ նշում էին, որ խորհրդարանն իրենց խանգարում է, որպեսզի այդ խոստումներն իրականություն դարձնեն, բայց այստեղ, անշուշտ, այլ հաշվարկներ կային, այդ պատճառով էլ գնացին ԱԺ-ն ցրելուն։ Չեմ կարծում, որ կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկը կասի, որ իրենք գործունեության հստակ ուղիներ են պատկերացնում։ Սա պատահական կառավարություն է, որը չունի հստակ տեսակետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին։

Ըստ նրա, արդեն 10 ամիս է, ինչ տարբեր նախարարներ աշխատում են, սակայն որևէ տեսակետ չեն հայտնել իրենց ոլորտների ապագայի տեսլականի վերաբերյալ, հնարավոր է՝ լինեն որոշ նախարարներ, որոնք միայն ընդհանրական տեսակետներ են հայտնել։

«Նախարարը չի կարող պատկերացում չունենալ, թե ինչպիսին պետք է լինի իր ոլորտը, այս իմաստով պատկերը շատ տխուր է։ Առաջին բանը, որ այս ծրագրում տեսա և զարմացա, վերաբերում է տարածաշրջանային համագործակցության խնդիրներին։ Չի՛ կարելի 21-րդ դարում, Հայաստանի այսպիսի պայմաններում ծրագրում գրել, թե Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ կհաստատի Իրանի և Վրաստանի հետ, այսինքն՝ ի՞նչ պետք է անեին, եթե այդպես չգրեին՝ Վրաստանին պատերազմ հայտարարեի՞ն, թե՞ Իրանի հետ սահմանն իրոք փակեին։

Կարդացեք նաև

Մյուս կողմից էլ՝ հասկանում եմ, որ, եթե մարդն ասում է, որ Իրանի հետ սահմանը, հնարավոր է, փակվի, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն արդեն դրական քայլ է։

Ծրագրում տարածաշրջանային որևէ համագործակցության, որևէ ֆորմատ ձևավորելու մասին խոսք չկա, այն, ինչը Հայաստանին օդ ու ջրի նման պետք է։ Ասում են՝ բանակը պետք է հզորացնենք, բայց մյուս կողմից՝ գեներալների, սպայական կազմի նկատմամբ ճնշումներ են իրականացնում, ընդ որում՝ հրապարակային, սա Հայաստանի համար շատ վտանգավոր է»,- շեշտեց Ստեփան Մարգարյանը։

Նա նաև ընդգծեց, որ հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն, եթե չկա հստակ որևէ ծրագիր, ավելին՝ Հայաստանում տնտեսական թռիչքաձև աճ եղել է 2000-ական թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և փոխարենը նրան բանտում պահեին, կարող էին խորհրդակցել նրա հետ՝ հասկանալու համար, թե տնտեսությունը զարգացնելու համար ինչ պետք է անեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս