Որոնք կլինեն Փաշինյան-Ռուհանի բանակցությունների հիմնական թեմաները

«Հայ-իրանական հարաբերությունները պետք է վերանայման ենթարկել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցի օրակարգին։

Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետի այցն Իրան պետք է տեղի ունենար ամիսներ առաջ, սակայն անհայտ պատճառներով այն ձգձգվեց։ Ըստ նրա, ակնկալիքները ՀՀ նոր իշխանություններից շատ են, սակայն քաղաքականությունը լիովին հասկանալի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման միայն մեկ առիթ է եղել Նյու Յորքում, որի ընթացքում հանգամանալից բանակցություններ չեն եղել։

«Օրակարգը շատ լայն է՝ աշխարհաքաղաքական, երկկողմ, տարածաշրջանային, առևտրատնտեսական, այս բոլոր ուղղություններով կողմերը հստակեցնելու բազում հարցեր ունեն։ ԱՄՆ-Իրան առճակատման կոնտեքստում կարևոր է Հայաստանի դիրքորոշման հստակեցումը, քանի որ հայտնի է, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում հակաիրանական քաղաքականության համար դաշնակիցներ է փնտրում։ Չնայած հայ-իրանական հարաբերություններն ավանդաբար հիմնված են եղել փոխվստահության վրա, քաղաքականությունը ենթադրում է անընդհատ աշխատանք, հարաբերությունների վերանայում։ Եվ կարծում եմ՝ կա հայ-իրանական հարաբերությունները դեպի լավը վերանայելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով ստեղծված մարտահրավերները, այդ թվում՝ տարածաշրջանում՝ Սիրիայում, Ղարաբաղում և աշխարհում, որտեղ անընդհատ իրավիճակ է փոխվում»,- ասաց նա։

Կայհան Բարզեգարի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական կոնտեքստը ներառելու է Իրան-ԱՄՆ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումը, Սիրիայում Հայաստանի առաքելության մանրամասների քննարկում, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների հստակեցում և տարածաշրջանային համագործակցություններ, որոնցից, ըստ նրա՝ բացակայում է Հայաստանը, և կան ծրագրեր՝ Հայաստանին ևս ներառել որոշ ծրագրերում։

«Առևտրատնտեսական հարաբերություններում քննարկման էական հարցեր կան՝ Մեղրիի ազատ առևտրի գոտի, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ուղղությամբ քաղաքականության հստակեցում, «Հյուսիս-Հարավի» ավարտին հասցնելու հարցի քննարկումներ, էներգակիրների դիվերսիֆիկացման հարց, որով հետաքրքրված է Հայաստանը, և դրան պատրաստվում է նպաստել նաև Եվրոպական միությունը։

Բացի այս ամենից, հարևան Իրանի համար հետաքրքիր է, թե ինչպիսին են ՀՀ նոր իշխանությունները, ինչպիսի տեսլական ունեն բոլոր այս հարցերի վերաբերյալ և ինչ իրատեսական լուծումներ կան հարաբերություններն ակտիվացնելու համար, քանի որ տարածաշրջանում իրական, նվիրված հարևան գործընկեր երկրները շատ չեն թե Երևանի, թե Թեհրանի համար, ուստի մեծ սխալ կլինի այդ հարաբերությունները ճիշտ վերանայման չենթարկելը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը դիտարկեն այս բոլոր հարցերը։ Ըստ իս՝ Իրանն ու Հայաստանը լավ գործընկերներ են, սակայն չեն վարում ճիշտ քաղաքականություն, անտեսում են այդ հարաբերությունների կարևորությունը։ Ժամանակն է փոխել այդ մոտեցումը»,- ասաց Կայհան Բարզեգարը։

Տեսանյութեր

Լրահոս