Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին
Հայաստանի իշխանությունն այդպես էլ որևէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։
Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Սիրիայում մենք ունենք հայկական համայնք, որին խոցելի ենք դարձնում մեր «մարդասիրական» առաքելությամբ, ապա այդ հայտարարությունները ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական են դառնում։
Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը վտանգավոր է մի կողմից՝ այդ երկրում մեր համայնքի համար, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական առումով։
Այսպիսով Հայաստանը սիրիական բարդ ճգնաժամում անցնում է ուղղակիորեն ռուսական կողմը, ինչի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն իսկ հանդես է եկել բավական կոշտ, քննադատական հայտարարությամբ։
Հայաստանն այս քայլով ներքաշվել է շատ բարդ պատմության մեջ՝ առանց Հայաստանի շահի տեսանկյունից որևէ հիմնավոր փաստարկի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել մի պատմության մեջ, որը կարող է վտանգավոր լինել՝ ինչպես Սիրիայում ապրող հայ համայնքի, այնպես էլ՝ Սիրիա ուղարկված առաքելության ու, երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։
Պատասխանն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից, և այն կապ չունի արտաքին քաղաքականության հետ։
Ճիշտ հակառակը՝ պատճառները թաքնված են Հայաստանի ներսում, իշխանության քայլերում ու մոտիվացիաներում։ Ապրիլյան հեղափոխությունից հետո, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրել, Ռուսաստանի իշխանությունները, Վլադիմիր Պուտինը չեն վստահում ՀՀ վարչապետին։
Չեն վստահում ու չեն թաքցնում դա։
Տևական ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այդ անվստահությունը հարթելու, մեղմելու վրա։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների քայլը։ Դա արվել է Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին դուր գալու համար։
Եվ Հայաստանի իշխանությանը քիչ են մտահոգել այդ քայլից բխող սպառնալիքները։
Հայաստանի իշխանությունը, ըստ ամենայնի, բավարարված ու շոյված է նրանով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու համար։
Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձևն անցնում է Կրեմլով։
Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։ Ու այդ իմաստով՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը գուցե չարյաց փոքրագույնն է։
Դժվար է ասել՝ ուրիշ ինչի է պատրաստ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին սիրաշահելու համար։
Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը Նիկոլ Փաշինյանի նվերն էր Ռուսաստանին։ Ըստ ամենայնի, ոչ թե վերջին, այլ հերթական նվերը։