Tesla-ի էլեկտրամոբիլներում կգործի «շան ռեժիմը» և «ժամապահի ռեժիմը»
Tesla ընկերության կողմից թողարկվող էլեկտրամոբիլներում երկու նոր օպցիոն է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Այս մասին հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ օպցիոնների աշխատանքը:
«Շան ռեժիմը» թույլ է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք է էլեկտրամոբիլի սարքային վահանի սենսորային դիսփլեյի վրա սեղմի համապատասխան կոճակը:
Էկրանին կհայտնվեն «Իմ տերը շուտով կվերադառնա» եւ «70 աստիճան ըստ Ֆարենհայթի (21,1 աստիճան ըստ Ցելսիուսի)» մակագրությունները: Միաժամանակ կմիանա օդորակիչը: Բացի դրանից, կատարելագործված է էլեկտրամոբիլի հակաառեւանգիչ համակարգը: «Ժամապահի ռեժիմը» ենթադրում է ավտոմեքենայի շուրջն իրադրության հսկում տեսախցիկների միջոցով:
Էլեկտրամոբիլի համակարգիչը կգրանցի բոլորին, ով չափից ավելի կմոտենա ավտոմոբիլին: Դրա մասին տեղեկացումն ավտոմատ կերպով ուղարկվում է տիրոջ շարժական սարքին: Ավտոմեքենա ներթափանցման փորձի դեպքում Tesla-ի աուդիոհամակարգը դասական երաժշտություն կմիացնի առավելագույն ուժգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: