Ինչո՞ւ են մարդիկ ձգտում տեղեկացված լինել. ի՞նչ ազդեցություն են ունենում նորությունները մեր հոգեբանության վրա
Շատերս դեռ դպրոցական տարիքից հետևում ենք նորություններին. հարկավոր է իմանալ՝ ինչ է կատարվում աշխարհում գրագետ լինելու և վարքի կանոններ մշակելու համար: Սակայն, բարեբախտաբար, այդ տարիքում ավելի հաճելի զբաղմունքներ էլ կան: Երիտասարդ ու հասուն տարիքում մարդիկ սկսում են հատուկ ուղղվածությամբ, հստակ թեմայով նորությունների հետևել, մասնավորապես, իրենց մասնագիտության հետ առնչվող: Իսկ թոշակառուներն ու տնային տնտեսուհիները պարզապես հետաքրքրասիրությունից ու ազատ ժամանակի ավելցուկից միացնում են հեռուստացույցը կամ ինտերնետում փնտրում հոդվածներ ու փչացնում են սեփական առողջությունը:
Ինչո՞ւ
Նորություններ կարդալն, ըստ գիտնականների՝ ագրեսիա ու վախ է առաջացնում, չի թողնում խորն ու ստեղծագործորեն մտածել: Մենք մեծ քանակի ոչ անհրաժեշտ ինֆորմացիա ենք կլանում: Նորությունները թույլ չեն տալիս ճիշտ որոշումներ կայացնել, աշխատանքում կամ անձնական կյանքում հաջողությունների հասնել:
Մտածողության ընկճում
Նորմալ դատելու համար հարկավոր է կենտրոնանալ, իսկ նորությունները կարդալիս կամ դիտելիս սա անհնար է կատարել: Մենք անընդհատ ուշադրությունը մի խնդրից ու օբյեկտից մյուսին ենք փոխադրում և որպես հետևանք, մոռանում ենք կարևորի` սեփական նպատակների ու խնդիրների մասին: Դժվարանում է ինֆորմացիան հասկանալն ու հիշելը, լիարժեք մտածելը:
Ստեղծագործական մտածողության բացառում
Մեզ հրամցնում են իրադարձությունների պատրաստի մեկնաբանություն, այսինքն, երևակայության, տրամաբանության և այլ ”գործիքների” անհրաժեշտություն չկա: Երեխաները նորություններ չեն նայում, չեն հետաքրքրվում գլոբալ աղետներով կամ դրամի փոխարժեքով, հետևաբար ազատ գեներացնում են մտքեր, տարբեր իրավիճակներից ոչ ստանդարտ ելքեր, նկարների հիման վրա պատմություններ են հնարում: Զարմանալի չէ, որ կոմպոզիտորները, նկարիչներն ու ռեժիսորները հազվադեպ են հեռուստացույցին ու նորություններին ժամանակ հատկացնում:
Կորտիզոլի հավելյալ արտազատում
Նորությունը կարելի է համեմատել տոքսինի հետ: Լավ բաների մասին հազվադեպ են խոսում` մարդուն ստիպելով անընդհատ տագնապ զգալ ու ենթարկվել կորտիզոլի հավելյալ քանակի ազդեցությանը: Խանգարվում է իմուն համակարգի գործունեությունը, առաջանում է ագրեսիա , նվազում է զգայունությունը:
Անօգնականության զգացում
Հեռուստացույցից ու համակարգչի էկրանից մեզ պատմում են իրադարձությունների և երևույթների մասին, որոնց մենք չենք կարող ազդել: Մենք սա հրաշալի հասկանում ենք և սկսում ենք մեզ բացարձակ անօգնական զգալ: ժամանակին կանգ չառնելու և ինֆորմացիայի ավելորդ հոսքի վրա ժամանակ ծախսելու դեպքում կդառնաք ֆատալիստ ու կկորցնեք հետաքրքրությունը առհասարակ կյանքի հանդեպ:
Գրեթե թմրանյութ
Երբեմն աննկատ, նորությունները ձգում են՝ ինչպես հեռուստասերիալները կամ համակարգչային խաղերը: Մենք դադարում ենք գրքեր կարդալ` նորություններից ստացված ինֆորմացիան բավարար համարելով: Արդյունքում դժվարանում է աշխատանքին կամ ուսմանը կենտրոնանալը, ավելի արագ է առաջանում հոգնածություն ու անհանգստություն:
Սկզբնաղբյուր՝ Med-otzyv.ru