Բաժիններ՝

«Կառավարության ծրագիրը դրական է, բայց դրանով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն». Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը դրական է գնահատում ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածը, որտեղ կան դրույթներ, որոնք իրենց մեջ ունեն մի քանի համադրումներ։ Տնտեսական հատվածում կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարից բացի՝ կա նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության շահերի, կրթության, ժամանակակից տնտեսության վերաբերյալ դրույթներ, և ամենակարևորը՝ շեշտը դրված է ձեռնարկությունների արտադրողականությունը բարձրացնելու վրա։

«Սրան զուգահեռ՝ պետք է ստեղծեն նաև աշխատատեղեր, օրինակ՝ սոցիալական մասում կետ կա, ըստ որի՝ հինգ տարվա ընթացքում պետք է վերացվի ծայրահեղ աղքատությունը։ Եթե հաշվենք, որ ունենք մոտ 20 հազար աղքատ, իմ հաշվարկով՝ դրա համար մեզ անհրաժեշտ կլինի ստեղծել 40 հազար աշխատատեղ։

Մարդու իրավունքներն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, որը տնտեսության մեջ որպես գերակա շահ պետք է ներկայացվի, նույնպես կա Կառավարության ծրագրում։ Սրանով մենք դառնում ենք նոր մշակույթի կողմ, քանի որ մինչև այժմ շրջակա միջավայրը շահագործել են, թունավորել, պայթեցրել, այժմ շրջակա միջավայրը դրվել է՝ որպես գերակա շահերից մեկը, որը չպետք է զոհաբերվի այլ նպատակների համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝  մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պաշտպանությունը ներառված են նաև ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ համաձայնագրում, որտեղ նույնպես շեշտվում է, որ երկու բարձրագույն արժեքները՝ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությունն է։ Այս համատեքստում, Գ. Մակարյանի բնորոշմամբ, Կառավարության նոր ծրագիրն իր հնգամյա տրամաբանությամբ համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրին։

Հարցին՝ նոր ծրագրով իրատեսակա՞ն է կյանքի կոչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը, Գագիկ Մակարյանը պատասխանեց՝  ծրագրից այդպես չի երևում, քանի որ այնտեղ կան առաջավոր լավ մտքեր, սակայն ենթադրում է, որ դրանց տակ նման բան չի երևում, գուցե երևա առաջիկա տարիների գործողությունների պլանում։

«Օրինակ՝ կարող է արտահայտվել նրանով, որ Հայաստանը ԵՄ-ում կամ աշխարհում ավելի վստահություն ու ուշադրություն է ձեռք բերում, ինչը, հնարավոր է, դառնա ներդրումների խթանման շատ կարևոր գործիքակազմ։ Դրանից բացի, այդ վստահության ներքո Հայաստանը կարող է ժան վարկեր վերցնել, որոնք աշխարհում շատ կան: Այսինքն՝ Հայաստանի բանկերից ընկերությունները կարող են էժան վարկեր վերցնել և իրենց ընկերություններն արդիականացնել։ Սա արդեն հեղափոխական կորիզ կդառնա»,- նշեց Գ. Մակարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որ հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն, նման բան աշխարհում չկա, եթե Հայաստանն իրականացնի տնտեսական հեղափոխություն, ապա առաջինը կլինի, Գագիկ Մակարյանը նկատեց, որ տնտեսական հեղափոխությունը ենթադրում է բազմաթիվ ոլորտներում կտրուկ դրական ցուցանիշներ։

«Հրանտ Բագրատյանը ճիշտ է ասել, որպես կատեգորիա՝ տնտեսական հեղափոխություն գոյություն չունի։ Կառավարության ծրագրում գրված է՝ տնտեսական աճը պետք է լինի 5 տոկոս, սա չի կարող լինել հեղափոխական աճ։ Եթե մենք խոսում ենք հեղափոխական աճի մասին, ապա աճի տոկոսները պետք է շատ ավելի կտրուկ լինեն։ Տնտեսական հեղափոխության դեպքում պետք է ունենանք երկնիշ թիվ՝ 15-20 տոկոս։ Կառավարությունը դա երևի չի գրել, որպեսզի խուսափի ավելորդ քննադատություններից, քանի որ պետք է կառչեինք ու ասեինք՝ ինչ ֆանտաստիկ թվեր է գրել։

Տնտեսական հեղափոխության համար պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմաարդյունաբերության և այլ  ոլորտներ։ Բայց Կառավարության այս թիմով այդ ամենն իրականացնել հնարավոր չէ, այս թիմն իր գիտելիքներով, փորձով ունակ չէ դա անելու, ուստի այս թիմը պետք է փոխվի, ընդ որում՝ 50 տոկոսից ավելի նախարարներ ու տեղակալներ պետք է փոխվեն, իրականացվեն մասնագիտական համալրումներ։ Որոշ նախարարություններ ու վարչություններ ուժեղացվեն, արմատապես փոխվի հարկային համակարգը»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս