
«Փաստաթղթավորված բանակցային հիմքի փոխարեն՝ մենք այսօր ունենք վերելակում ունեցած հանդիպումներ». Քաղաքագետ

«Արցախի շուրջ ընթացող քննարկումների հետ կապված որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ տագնապ են բարձրացնում, նշում են, թե տեսնում են որոշակի ստորջրյա զարգացումներ, մյուսներն էլ ասում են, թե սա ավելորդ աղմուկ է: Այո՛, հիմա սեղանին չկա ինչ-որ փաստաթուղթ, որտեղ խոսվում է տարածքները զիջելու վերաբերյալ, բայց բժիշկը երբ նայում է հիվանդին՝ զգում է ախտանիշներ, որի հիման վրա որոշում է, թե ի՞նչ է կատարվում: Բավականին վախեցնող հիմք կա, որը ստիպում է Հայաստանում ցանկացած քաղաքական զարգացման զգուշավոր նայել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ բանակցություններում զգալի հետընթաց կա:
«Տեսնում ենք, որ այլևս չի խոսվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, Հելսինկյան երեք սկզբունքների մասին: Վտանգավոր է նաև այն, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը դարձել է միավեկտոր, բազմազանություն չկա, ինչը նշանակում է, որ ՀՀ-ին դժվար կլինի դիմագրավել դրսի ճնշումներին: Ասեմ նաև այն, որ եղած, փաստաթղթավորված բանակցային հիմքի փոխարեն՝ մենք այսօր ունենք վերելակում ունեցած հանդիպումները, համաձայն որոնց՝ պայմանավորվել են չկրակել:
Մինչդեռ այս ընթացքում Ադրբեջանը լրջագույն պաշտպանական շինություններ է ստեղծել սահմանի մոտ, նրանք լրջորեն պատրաստվում են պատերազմի, և մենք չենք խանգարում իրենց, քանի որ զինադադարի ռեժիմում ենք գտնվում: Այս բոլորը հաշվի առնելով՝ ես ենթադրում եմ, որ ունենք լուրջ հետընթաց, չնայած որոշակի փոփոխություն տեղի ունեցավ բեռլինյան հանդիպման ժամանակ, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ վերադառնում են հին սկզբունքներին: Սակայն, ես կարծում եմ, որ մենք այնքան ենք խորացել այս ծուղակում, որ այնտեղից դուրս գալ արդեն չենք կարող: Կարծում եմ՝ մեզ մոտակա ամիսներին սպասվում են բավականին ծանր զարգացումներ»,- նկատեց Աղասի Ենոքյանը:
Անի Կարապետյան