«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի
Այս տարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի: Այդ մասին հայտնել է Քերի Բյորքը՝ ABC Entertainment-ի՝ ABC հեռուստաընկերության ժամանցային հաղորդումների համար պատասխանատու ստորաբաժանման նախագահը:
«Պրոդյուսերները որոշեցին, որ հաղորդավար չի լինելու»,-ասել է նա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հավելել է Բյորքը, որի խոսքն իր կայքում մեջբերում է Entertainment Weekly հանդեսը, արարողության կազմակերպիչներն այս անգամ որոշել են սահմանափակվել առաջին մեծության կինոաստղերի մի ամբողջ համաստեղության հրավիրմամբ, որոնց կվստահվի բեմից հաղթողների անունների հայտարարումը:
«Օսկար»-ների հանձնման առաջիկա 91-րդ արարողության վարողի հարցը սրությամբ ծառացավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգու դերասան Քեւին Հարթը հրաժարվեց այդ դերից իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:
Առանց հաղորդավարի «Օսկար»-ների հանձնումը վերջին անգամ տեղի է ունեցել 1989 թվականին, երբ արարողությանը ներածական մենախոսության փոխարեն ցուցադրվեց 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությունը վարել է միանգամից չորս մարդ, 1987 թվականին նրանց թիվը երեքն էր: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը փետրվարի 24-ին տեղի կունենա Լոս Անջելեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: