
ԱՄՆ-ն կոչ է արել ԻՊ դեմ պայքարում չհենվել միայն ռազմական մեթոդների վրա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է հենվի ոչ միայն ռազմական միջոցների վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր պայքարը միշտ չէ, որ պետք է հենված լինի ռազմական մեթոդների վրա»,- ասել է նա Վաշինգտոնում ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայի նախարարական նիստի ժամանակ:
Պոմպեոն կոչ է արել կոալիցիայի 79 անդամներին՝ 75 երկրի ու 4 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին ամրապնդել տեղեկատվական ու հետախուզական տվյալների փոխանակման հնարավորությունը: Նրա համոզմամբ՝ դա առանցքային նշանակություն կարող է ունենալ ԻՊ դեմ պայքարի նոր փուլում:
2018 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԻՊ դեմ հաղթանակի ու զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: Ավելի ուշ, սակայն, ԱՄՆ նախագահի վարչակազմից հայտարարեցին, որ զորքերը դուրս կբերվեն միայն վերջնական հաղթանակից հետո՝ չնշելով հստակ ժամկետներ: