«Նոր կառավարության ծրագիրը. «սաղ ուրախ, չաղ ու բախտավոր». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր կառավարության ծրագիրը. «սաղ ուրախ, չաղ ու բախտավոր»։
Հրապարակվեց ՀՀ ԱԺ-ին ներկայացված Կառավարության գործունեության ծրագիրը։
Անկեղծ հույս ունեի, որ այս ծրագիրը հիմք կհանդիսանա և սկիզբ կդնի այդքան սպասված ու կարևոր իրական քաղաքական գործընթացների։
Հետագա ներքին քաղաքական պայքարի առանցքը պետք է դառնար այս ծրագիրը, որի վրա հղում անելով քաղաքական ընդդիմությունն ու իրական քաղաքացիական հասարակության կառույցները կգնահատեին նոր կառավարության գործունեությունը։
Հիմնվելով այս ծրագրի վրա կարելի կլիներ որոշել՝ աջակցել նրան, թե քննադատել։ Նախընտրական խոստումները, ըստ սահմանման, պետք է արտացոլված լինեին ընտրություններում հաղթած քաղաքական ուժի կողմից ձևավորված կառավարության ծրագրում առավելագույն հստակությամբ և կոնկրետությամբ՝ ամրագրելով ելակետային թվային տվյալներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանային այս կառավարության աշխատանքը գնահատելու համար։
Սակայն դատելով ծրագրի պատմողական, կենացային և պաթոսային ընդհանուր ու վերացական բնույթի ձևակերպումներից, այլևս կարելի է արձանագրել, որ նոր կառավարությունը իրեն դուրս է դնում հաշվետվողականության ու պատասխանատվության տիրույթից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: