Բաժիններ՝

Պետական մարմինները հրաժարվել էին քաղաքացուն վերադարձնել գրավի գումարը. Քաղաքացին հաղթեց դատարանում

Քաղաքացին հաղթեց ֆինանսների նախարարությանը. Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրեց նախարարությանը վերադարձնել սխալմամբ պետական տուրքի հաշվեհամարին փոխանցված 2 մլն դրամը

Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է քաղաքացու հայցադիմումը եւ պարտավորեցրել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ վերադարձնել քաղաքացու կողմից թյուրիմացաբար այլ հաշվեհամարին մուծված 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամը: Դատարանում քաղաքացու շահերը ներկայացրել է փաստաբան Մուշեղ Խաչիկյանը։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 7-ին բավարարել էր քրեական գործով տվյալ պահին կալանավորված մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը՝ որպես գրավի չափ սահմանելով 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամը։ Նշված գումարը պետք է փոխանցվեր դատարանի դեպոզիտ հաշվին, սակայն մեղադրյալի ազգականը թյուրիմացաբար այդ գումարը վճարել է պետական տուրքի համար նախատեսված հաշվեհամարին՝ նշելով որպես «գրավի մուծում»։

2016 թ. հունվարի 11-ին վերաքննիչ քրեական դատարանը գրավի կիրառումը գտել է անթույլատրելի, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, և մեղադրյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Իսկ 29.06.2016թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է վճարված գրավի գումարը՝ վերադարձնելու մասին: Սակայն թե դատարանի աշխատակազմը եւ թե ֆինանսների նախարարությունը հրաժարվել են քաղաքացուն վերադարձնել նշված 2 մլն դրամ գումարը՝տարբեր պատճառաբանություններով։

Ի վերջո, քաղաքացին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար դիմել է դատարանի օգնությանը։ Վերաքննիչ վարչական դատարանը հիմնավորված է համարել փաստաբան Մուշեղ

Խաչիկյանի կողմից ներկայացված փաստարկները եւ վերականգնել քաղաքացու՝ խախտված իրավունքները՝ պարտավորեցնելով ֆինանսների նախարարությանը քաղաքացուն վերադարձնել թյուրիմացաբար պետական տուրքերի վճարման համար փոխանցված՝գրավի համար նախատեսված 2 մլն դրամը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս