
Տուսկն ակնկալում է Մեյից «իրատեսական առաջարկներ» լսել Բրյուսելի առաջիկա հանդիպմանը

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ։
«Ներկա պահին ամենակարեւոր խնդիրն է՝ թույլ չտալ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը: Եվ ես կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ ԵՄ-ի 27 երկրների դիրքորոշումը հստակ արտահայտված է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համաձայնեցված փաստաթղթերում, որ ԵՄ-ի 27 երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն անում»,-ասել է Տուսկը Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:
Նա նաեւ հիշեցրել է համաձայնագիրը չվերանայելու եւ կրկնական բանակցություններ չսկսելու Եվրամիության խորհրդի որոշման մասին:
«Հուսով եմ, որ վաղը մենք Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից իրատեսական առաջարկություններ կլսենք այն մասին, թե ինչպես պետք է դուրս գալ այն փակուղուց, որում Brexit-ի գործընթացը հայտնվել է բրիտանական խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո»,-հավելել է Տուսկը:
Փետրվարի 7-ին պլանավորված Է վարչապետ Թերեզա Մեյի այցը Բրյուսել, որտեղ նա կբանակցի ԵՄ-ի իշխանությունների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: