Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ՀՀ նախագահին և վարչապետին մինչև մարտի 1-ը ժամանակ են տվել
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հարցը շարունակում է չլուծված մնալ: Դեռևս փետրվարի 1-ին Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել:
Ավագանին Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով մոտ 600 անգործ մնացած աշխատակիցների և Ալավերդու բնակչության անունից գրել էր, որ շուրջ երեք ամիս է, ինչ գործարանի աշխատակիցներն անորոշ, սպասողական վիճակում են:
Նրանց խոսքով՝ ընդերքի հարստությունների առկայության պայմաններում չհիմնավորված շռայլություն է հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման պետական խելամիտ ծրագիր չմշակելը: Հայաստանը պետք է դադարի հումքային կցորդ լինելուց՝ ոչ թե հանքարդյունահանող ձեռնարկությունները փակելու, այլ բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկություններ կառուցելու և մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ճանապարհով: Հայաստանի Հանրապետության խտանյութը պետք է վերամշակվի ՀՀ-ում և դրանով իսկ նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Գործարանի ղեկավարությունն աշխատողներին, արդեն երեք ամիս է՝ վճարում է աշխատավարձի 2/3-ի չափով։ Դա կտևի մինչև մարտի 1-ը։ Դրանից հետո հնարավոր է, որ գործարանը վերջնականապես աշխատանքից ազատի աշխատակիցների հիմնական մասին։
Ավագանու անդամները երկրի ղեկավարներին խնդրել են կարճ ժամկետում հասնել հարցի լուծման՝ միաժամանակ շեշտելով, որ կարևոր են համարում «բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկությունների ստեղծումն ու մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ծրագրերը»։
Ալավերդցիներն ունեն հարցի լուծման իրենց տարբերակը: Առաջարկում են գրավավարկային պարտավորությունների հարթության վրա պղնձաձուլական գործարանի համար 2019թ. մարտի 1-ը սահմանագծել որպես զրոյական վիճակ և վերագործարկել գործարանը:
Աշխատակիցների փոխանցմամբ՝ սոցիալական վիճակն օրեցօր վատանում է, հետևաբար՝ առաջարկում են քայլեր ձեռնարկել՝ պատրաստվող արտագաղթի ալիքը կանխելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Անի Կարապետյան