ԱրՊՀ մանկավարժական բոլոր մասնագիտություններում կմտցվի ներառական կրթության մոդուլը. Նարինե Աղաբալյան
2018 թվականին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության խնդիրները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարը նշել է, որ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին հանրակրթական դպրոց բերելով, նրանք կարծես թե մեկուսացվում են: Ներառական համընդհանուր կրթության համար մինչ այժմ դպրոցներում չկային համապատասխան վերապատրաստում անցած ուսուցիչներ և տնօրեններ: Աշխատանքներ են տարվում՝ շտկելու այդ բացթողումները:
««Հույսի կամուրջ» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվել են դասընթացներ շահագրգիռ շրջանակների ներկայացուցիչների և դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների մասնակցությամբ: Գործնական քայլեր են ձեռնարկվել Ստեփանակերտում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ստեղծելու ուղղությամբ: Պայմանավորվածություն ունենք Արցախի պետական համալսարանի հետ, որ մանկավարժական բոլոր մասնագիտություններում անպայման մտցվի ներառական կրթության մոդուլը»,-ավելացրել է Ն. Աղաբալյանը: