
Հավայիում պատրաստվում են արգելել սիգարետների վաճառքը 100-ից ցածր տարիքի մարդկանց

ԱՄՆ-ի Հավայիի նահանգի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ նահանգի տարածքում հարյուրից ցածր տարիքի անձանց համար սիգարետների վաճառքի արգելման մասին: Այդ մասին վկայում է օրենսդիր մարմնի կայքում զետեղված փաստաթուղթը: Օրինագծում առաջարկվում է աստիճանաբար բարձրացնել սիգարետների գնման համար նվազագույն տարիքը:
Այսպես, 2020 թվականին այն կարող են բարձրացնել մինչեւ 30 տարեկան, 2021-ին՝ մինչեւ 40 տարեկան, 2022-ին՝ մինչեւ 50 տարեկան, 2023-ին՝ մինչեւ 60 տարեկան եւ, վերջապես, 2024 թվականին մինչեւ 100 տարեկան:
Տարիքային ցենզի բարձրացման օրինագիծ մշակելու դրդապատճառը, փաստաթղթի համաձայն, դարձել է ծխելու վտանգը առողջության համար: Այսօր Հավայիում ծխախոտի արտադրանք կարող են գնել սոսկ 21-ից ոչ ցածր տարիքի մարդիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: