Բաժիններ՝

Գուայդոն սպառված է համարում Մադուրոյի հետ երկխոսության հնարավորությունները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության հնարավորություններն սպառված են, նրա կառավարությունը մերժել է դրանք: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

«Ինչ վերաբերում է (Գուայդոյի հետ Մադուրոյի բանակցություններին աջակցություն առաջարկած) Մեքսիկայի եւ Ուրուգվայի նախաձեռնություններին, ես պետք է ձեզ անկեղծորեն ասեմ, որ Վենեսուելայի բոլոր ժողովրդավարական ուժերը գտնում են, որ Մադուրոյի կառավարության հետ երկխոսության հնարավորություններն սպառված են: Ամբողջ ընդդիմությունը միասնական է այդ հարցում»,-հայտարարել է Գուայդոն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Մոնտեվիդեոյում Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի նիստի անցկացմանը:

Եվրամիությունը շփման խմբի ստեղծման մասին հայտարարել էր հունվարի 31-ին: ԵՄ-ի մտահղացմամբ, շփման խումբը կոչված է «պայմաններ ստեղծել քաղաքական եւ խաղաղ գործընթացի համար, որը թույլ կտա վենեսուելացիներին իրենց ապագան որոշել ազատ, թանփանցիկ եւ վստահության արժանի ընտրությունների ճանապարհով՝ երկրի Սահմանադրությանը համապատասխան»:

«Ռեժիմը մերժել է մեր Սահմանադրության շրջանակներում քաղաքական համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները: Նրանք շարունակում են երկխոսության մասին խոսել, որպեսզի ժամանակ շահեն, ինչը կարող են հաստատել Լիմայի խմբի լատինամերիկյան երկրները: Ուժերը, որոնք դեռեւս պաշտպանում են Մադուրոյի կառավարությանը, չեն հանձնվի, քանի դեռ նրանց անկյուն չեն քշել այն ամբողջ միջազգային քաղաքական ճնշմամբ, որը կարող է գործադրվել»,-ասել է Գուայդոն:

Նրա խոսքով՝ այժմ «չկա այն բանի ոչ մի հավանականություն, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կայունանում է», առջեւում կարող են «միայն արմատական փոփոխություններ» լինել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս