Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց։

Ալմաթիում, ելույթ ունենալով «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» համաժողովի լիագումար նստաշրջանում, Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայում հանձնաժողովի շրջանակներում գործում է կառավարությունների ղեկավարների որոշմամ ստեղծված թվային գրասենյակը:

«Բայց արդեն ակներեւ է, որ թվային գրասենյակը պետք է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետեւ նախագծերի թվաքանակն արդեն հսկայական է, եւ դա արդեն գործունեության առանձին ոլորտ է»,-ասել է նա:

Ինչպես հավելել է Սարգսյանը, Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ «նման առանձին ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել նոր կառույցներ»: «Դա խոսում է այն մասին, որ մեր ինտեգրացումը հինգ տարվա ընթացքում բավականին լրջորեն առաջ է գնացել, եւ մենք դրա խորացման նոր փուլում ենք, երբ անհրաժեշտ են համատեղ նախագծերի իրացման նոր կառույցներ: Ակներեւ է, որ հանձնաժողովն արդեն գլուխ չի հանում նման հսկայական քանակությամբ նախաձեռնություններից ու նախագծերից, եւ անհրաժեշտ է հատուկ մարմին, որը կկառավարի դրանք»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Սարգսյանը նշել է, որ «թվային տրանսֆորմացիան միության երկրների՝ տարեկան մինչեւ 1 տոկոս տնտեսական աճի լուրջ ներուժ է պարունակում, եթե երկրները համատեղ շարժվեն առաջ»: «Բայց վտանգավոր կլինի, եթե երկրները փորձեն շարժվել բաժան-բաժան, քանի որ դա խոչընդոտներ ու արգելքներ կստեղծի մեր ընդհանուր շուկաների համար, եւ դա ուժգնորեն կհարվածի բիզնեսին»,-հավելել է նա:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հորդորել է ԵԱՏՄ-ի երկրներին՝ օրենսդրության ներդաշնակեցում իրականացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում, ստեղծել ընդհանուր թվային չափորոշիչներ: Խոսելով այն մասին, որ ԵԱՏՄ-ի ազգային կառավարություններն իրականացնում են թվային տրանսֆորմացիայի իրենց ծրագրերը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել այն, որ «ուժեղացվի ԵԱՀՏ-ի դերը ազգային կառավարությունների մոտեցումների ներդաշնակեցման եւ գործողությունների սինքրոնացման տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափելու նոր խոչընդոտների առաջացումից ընդհանուր շուկայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս