Բաժիններ՝

Ճապոնիայում մեկնարկեց ձյունե և սառցե քանդակների ամենամյա փառատոնը

Ճապոնիայի Հոկայդո կղզու Սապպորո քաղաքում հունվարի 31-ին սկսվել է հոբելյանական 70-րդ Ձյան փառատոնը («Յուկի մացուրի»): Հաստատված ավանդույթի համաձայն՝ փառատոնի աշխատանքի առաջին օրերին այցելուներին մատչելի է սոսկ Ցուդոմե հրապարակը, որը գտնվում է քաղաքի ծայրամասում։

Այնտեղ կառուցված են մի քանի թեքուղիներ փչովի սահնակներով սահելու համար, դրանցից ամենամեծի երկարությունը 100 մետր է: Փառատոնի հյուրերը նաեւ կարող են մասնակցել զանազան ձմեռային զվարճանքների. ձնագնդիկների դիպուկ նետում, սառցե սպասքի պատրաստում, ձյունագնացին կապված փչովի մակույկով սահում եւ նույնիսկ գոլֆ խաղ ձյան վրա: Օրվա ընթացքում Ցուդոմեում տեղի կունենա սառցե քանդակների մրցույթ տեղացի բնակիչների շրջանում:

«Յուկի մացուրի»-ի հիմնական հարթակը կբացվի փետրվարի 4-ին Սապպորոյի կենտրոնում՝ Օդորի զբոսայգու շրջանում: Այնտեղ կցուցադրվեն ձյունե եւ սառցե 100 արձաններ: Գլխավոր մրցանակի համար մրցութային ծրագրին մասնակցում են ինը թիմերի աշխատանքներ՝ ՉԺՀ-ից, Կորեայի Հանրապետությունից, Ֆինլանդիայից, Հավայիներից,

Ինդոնեզիայից, Մակաոյից, Լեհաստանից, Սինգապուրից եւ Թաիլանդից:
Ներկայում «Յուկի մացուի»-ն համարվում է Սապպորոյի մշակութային կյանքի անկապտելի մասը եւ տարվա գլխավոր իրադարձությունը, որը գրավում է շուրջ 2,5 միլիոն այցելուների, որոնց թվում շատ են զբոսաշրջիկները տարբեր երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս