«Ինչո՞ւ է գրեթե միաժամանակ տեղի ունեցած Փաշինյան-Բոլթոն և Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցների բովանդակությունը այդքան տարբերվում». Արման Բաբաջանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիտարկում Փաշինյան-Բոլթոն և Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցների բովանդակության մասին
Անցնող ամսվա հունվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսից տեղեկացրեց, որ հեռախոսազրուց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում։
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրել է նա՝ հավելելով, որ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՉԻ ԵՂԵԼ:
Դրան հաջորդեց ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի թվիթերյան գրառումը հեռախոսազրույցի մասին։
«Երեկ զանգահարեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորեցի վերանշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև աջակցություն հայտնեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և անաչառ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», – գրել է Բոլթոնը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ապագա բարգավաճմանն ուղղված ջանքերին
Ոչ մի խոսք ղարաբաղյան կարգավորման մասին։
Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում այդ մասին գրառում է արել․ «Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք մի շարք ընդհանուր շահեր ենք քննարկել, ներառյալ՝ էներգետիկ անվտանգությունը, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՄՆ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»։
Հարց վարչապետին և մեր երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին՝ ինչո՞ւ է գրեթե միաժամանակ տեղի ունեցած Փաշինյան-Բոլթոն և Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցների բովանդակությունը այդքան տարբերվում։ Ինչո՞ւ Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցում ևս չի շոշափվել անվտանգության ոլորտում համագործակցության (այս մեկը կարող եմ ենթադրել՝ ինչու), Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցը և ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հավաստիացումը»: