Բաժիններ՝

«Ինձ համար այդ հարցում ոչ թե Դունյա Միյատովիչի խոսքն է օրենք, այլ ՀՀ Սահմանադրությունը». Գևորգ Պետրոսյանը՝ ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի առաջարկների մասին

«Զեկույցում կային շատ կարևոր շեշտադրումներ, մասնավորապես՝ երեխաների, կանանց, այդ թվում՝ նաև ընտանիքում տեղի ունեցած բռնությունից տուժած կանանց իրավունքների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ, ինչը ես շատ բարձր եմ գնահատում։ Բայց նույն գնահատականը չեմ կարող տալ մյուս շեշտադրումներին, մասնավորապես՝ ԼԳԲՏ համայնքի հետ կապված օրենսդրական բարեփոխումների մասին։ Նախ և առաջ գտնում եմ, որ այն խոսքը, որ ասվում է քաղաքացու կողմից իր կարծիքն ազատորեն արտահայտելու և պնդելու իրավունքի շրջանակներում, կամ պատգամավորի կողմից ԱԺ-ում հնչեցրած հարցերի վերաբերյալ, սա չի կարող միանգամից գնահատվել որպես ատելության խոսք, նրանց նկատմամբ բռնության քարոզ։ Ես ինքս էլ բազմաթիվ անգամներ հանդես եմ եկել այդ համայնքի հետ կապված իմ նկատառումներով և երբեք իմ խոսքը չի պարունակել ատելություն կամ բռնության քարոզ, կամ նրանց նկատմամբ հանցագործություն կատարելու դրդում կամ միտում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով 2018թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին, որում կոչ է արվում իշխանություններին արագ և վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց դեմ բռնության, ատելության խոսքի և ատելության հանցագործությունների բոլոր դեպքերի դեմ, այդպիսի դեպքերը վճռականորեն դատապարտել և հետաքննել, իսկ դրանց համար պատասխանատուներին ենթարկել դատական կարգով հետապնդման։

Ըստ նրա՝ եթե պատգամավորը կարծիք է հայտնում և գտնում է, որ այդ համայնքի կողմից իր իրավունքների չարաշահումը վնասում է ՀՀ-ի ազգային անվտանգությանը, մեր հավատքին ու արժեհամակարգին, չի կարող պատգամավորը դրա համար հետապնդվել և համաձայն չեմ այն հարդորների հետ, թե իշխանությունները պետք է դատական հետապնդման ենթարկեն համապատասխան կարծիք հայտնած անձանց.

«Ինձ համար այդ հարցում ոչ թե Դունյա Միյատովիչի խոսքն է օրենք, այլ ՀՀ Սահմանադրությունը, որն ուղղակիորեն որպես պատգամավորի գործունեության կարևորագույն երաշխիքներից մեկը սահմանում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր գործառույթների շրջանակում արտահայտած կարծիքի համար։ Եվ զեկույցի այդ մասի հետ համաձայն չեմ։

Նաև որպես պատգամավոր չեմ պատրաստվում գրկաբաց ընդունել այնպիսի օրենսդրական նախագծերը, որոնց ընդունումը՝ ի շահ այդ համայնքի ոչ իրավաչափ շահերի, պետք է վնասի ՀՀ ժողովրդին, ՀՀ ազգային անվտանգությունը, մեր պետական անվտանգությունը և ընդանրապես խոչընդոտի մեր հասարակության բնական առաջընթացը»։

Հարցին՝ արդյո՞ք մենք ունենք որևէ օրենսդրական դրույթ, որը ոտնահարում է ԼԳԲՏ անձանց իրավունքները, Գ.Պետրոսյանը պատասխանեց, որ անձամբ նման դրույթ չգիտի և չի կարծում, որ այդ համայնքի ներկայացուցիչները, եթե իրենց գործողությունները չեն ընդարձակում այնքան, որ ուղղեն ՀՀ-ում պաշտպանության ենթակա կարևորագույն օբյեկտների, մասնավորապես՝ մեր ընտանիքի, կրթության, արժեհամակարգի դեմ, որևէ մեկը նրանց ձեռքը չի բռնել և որևէ գործողությամբ չի հետապնդել.

«Կարծում եմ՝ այդ զեկույցում գույները խտացված են, գուցե այդպես են ներկայացրել Միյատովիչին, բայց ես չեմ հիշում այդպիսի դեպք, երբ ԼԳԲՏ համայնքի որևէ ներկայացուցիչ ընդամենն իր հայացքների համար հետապնդվի։ Լրիվ հակառակն է, ոչ թե հասարակությունն է նրանց հետապնդում, այլ հակառակը՝ նրանք են այնքան ակտիվացել, որ կարող են իրենց թույլ տալ այնպիսի գործողություններ, որ եթե թույլ տար մի սովորական քաղաքացի, ապա նա անպայման քրեական հետապնդման ենթարկված կլիներ՝ դրանից բխող բոլոր զրկանքներով։ Բայց եթե նրանք հարուցեն  մեր հանրության զայրույթը, խոչընդոտեն հասարակական առաջընթացին, վնասեն մեր ընտանիքին, մեր բարոյական արժեքներին, մեր եկեղեցուն, բնականաբար, այդ քայլերը չեն կարող անպատասխան մնալ ՀՀ ապագայով շահագրգռված հանրության կողմից»։

Գ.Պետրոսյանը չհամաձայնեց, որ այս անդրադարձը կապված է անցած տարի աշնանը այդ համայնքի համաժողովի չեղարկման հետ. «Համաժողովը չի չեղարկվել որևէ մեկին ծեծի ենթարկելու, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի արդյունքում, այլ համաժողովը չեղարկվել է հասարակության կողմից անընդունելի լինելու հիմքով, իսկ եթե մի բան ժողովրդի բացարձակ մեծամասնության համար անընդունելի է, ապա այդ երևույթը չպետք է ներխուժի մեր հանրություն»։

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե ժողովրդավարության ուղին ընտրելու դեպքում պետք է հարգես նաև ԼԳԲՏ իրավունքները, Գ.Պետրոսյանը հակադարձեց.

«Ոչ, «ժողովրդավարություն» եզրույթը չի կարելի ենթարկել տարածական մեկնաբանության։ Ցանկացած եզրույթ ունի իր սահմանները, այդ թվում՝ «ժողովրդավարություն» եզրույթը։ «Ժողովրդավարությունն» այն է, որ ժողովրդի մեծամասնության կամքը հաղթի ժողովրդի կյանքը կազմակերպելիս ու խնդիրները լուծելիս։ Եթե մենք ասում ենք «ժողովրդավարություն», դա չի նշանակում, որ ինչ-որ մի խումբ իրավունք ունի իր ֆանտազիան փաթաթել ամբողջ ժողովրդի պարանոցին։

Ես գտնում եմ, որ այստեղ  «ժողովրդավարության» հետ կապված ընդհանրապես խնդիր չկա։ Կա Հայաստանի Հանրապետություն, որը համայն հայության ոստանն է, համայն հայության հայրենիքն է, և մենք իրավունք չունենք մեր հայրենիքում ներմուծել օտարածին երևույթներ և դրանցով քարուքանդ անել մեր հայրենիքը, մեր ընտանիքը, մեր պետությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս