Բաժիններ՝

Վատիկանում սկսվել է Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախմբի ժողովը

Հունվարի 27-ին Վատիկանում իր հերթական, 16-րդ հանդիպումն սկսեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախումբը` Քրիստոնյաների միության պապական հանձնախմբի հյուրընկալությամբ։ Նախատեսված ծրագրի համաձայն Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչները նախ հանդիպեցին առանձին, եկեղեցական ընտանիքների ձևաչափով, այնուհետև հունվարի 27-ի երեկոյան տեղի ունեցավ հանձնախմբի 16-րդ հանդիպման առաջին լիագումար նիստը։

Հանձնախմբի քննարկման թեման Եկեղեցու յոթ խորհուրդներից Ս. Պսակն է՝ ծիսական, աստվածաբանական ու կանոնական իր առանձնահատկություններով։ Միջազգային աստվածաբանական հանձնախմբի անդամները, նախատեսված ծրագրով, առաջիկա օրերին քննարկելու են ինչպես եկեղեցական երկու ավանդույթների մեջ Ս. Պսակի խորհրդակատարության, ծիսական-աստվածաբանական ու կանոնական ընկալման ընդհանրությունները, այնպես էլ՝ տարբերություններն ու եկեղեցաբանական առանձնահատկությունները։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային աստվածաբանական հանձնախմբում ներկայացված է հետևյալ պատվիրակությամբ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Վատիկանում), Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. վրդ. Անանյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու), Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշկարյան (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Հոգեշնորհ Տ. Պողոս վարդապետ Թինկջյան (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն)։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս