«ՀՀ-ԵՄ համաձայնագրին պետք է քաղաքական ազդակ հաղորդել». Հալբախ

«ՀՀ վարչապետի այցը Գերմանիա կարող է շատ հագեցած լինել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Գերմանիա:

Հիշեցնենք, որ Բեռլինում փետրվարի 1-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, որը ներկայացրել է Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի մեկնաբանությունը:

«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»,- ասել է Շտեֆեն Զայբերտը:

Ուվե Հալբախը նշեց, որ ՀՀ վարչապետի գերմանական այցի օրակարգը կարող է շատ հագեցած լինել՝ հաշվի առնելով այն հետաքրքրությունը, որը կա տարածաշրջանի և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Սակայն, նրա խոսքով, թեմաները, որոնք ենթակա են քննարկման, բոլոր ոլորտներին չէ, որ վերաբերում են: «Ամենակարևոր թեմաներից մեկը հայ-գերմանական հարաբերություններում Հայաստանի մասնակցությունն է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, որի շրջանակում ԱլԳ երկրներին մեծ գումարներ է հատկացրել ԵՄ-ն՝ որոշակի ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանում ևս ծրագրեր են նախատեսվում: Այս ռեսուրսների արդյունավետը ծախսը և ներդրումն առաջնային կարևորություն է ԵՄ-ի համար:

Այս կոնտեքստում կքննարկվի նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը և հարցը, թե ինչպես Գերմանիան, լինելով հանգուցային ԵՄ անդամ երկիր, կարող է աջակցել այդ հարցին: ԵՄ-ն ողջունում է այն հանդիպումները, որոնք գրանցվում են հակամարտող երկրների ղեկավարների միջև, այդ հանդիպումների արդյունքները, կարծում եմ` անդրադարձ կլինի նաև հակամարտության կարգավորման գործընթացին, ներկայիս միտումներին, տարածաշրջանին:

Երկկողմ օրակարգի Հայաստանին հետաքրքրող հատվածն առևտրատնտեսական կապերն են, որոնք այդքան էլ զարգացած չեն Հայաստանի և Գերմանիայի միջև: Դատելով հայտարարություններից` Հայաստանն այստեղ Գերմանիայի բիզնեսմեններից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում, կապերի խորացում, որը, սակայն, պայմանավորված է ԵՄ չափանիշերի ներդրմամբ, դաշտի կայունությամբ, ներդրումների անվտանգությամբ, և այլն, և այլն: Հենց այդ պատճառով այս կոնտեքստում կկարևորվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այնքանով, որքանով այն առնչվում է առևտրատնտեսական ոլորտին»,- նման կարծիք հայտնեց Ուվե Հալբախը:

Վերադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի թեմային՝ գերմանացի քաղաքագետն ասաց, որ որոշակի երկարաձգում կա վավերացման հարցում, թեև պաշտոնական անդրադարձեր կան այն մասին, որ նորմալ է, երբ գործընթացը ձգվում է մինչև երկու տարի:

«Սակայն ակնհայտ է, որ քաղաքական ուժեղ ազդակ է անհրաժեշտ հաղորդել այդ համաձայնագրի վավերացման գործընթացին: Եվ դա պետք է անի թե՛ Հայաստանը, որը ներքաղաքական զարգացումների պատճառով մի փոքր հեռացած է եղել գործընթացից, թե՛ ԵՄ-ն, որի համար ԱլԳ ծրագրի նշանակությունն ուկրաինական ճգնաժամից հետո փոխվել է, ԵՄ-ն չի ցանկանում նոր խնդիրներ ունենալ, ԵՄ-ն ներքին բազում խնդիրներ ունի, որոնք իրենց հերթին՝ թույլ չեն տալիս կարևորել այս համաձայնագիրը, որը կարևոր է, բայց ներկայումս հաշվի առնելով ԵՄ-ում ընթացող միտումները՝ առաջնային հարց չէ ԵՄ-ի համար:

Սրան գումարվում են նաև առաջիկա ընտրությունները Եվրոպական խորհրդարանում, ԵՄ անդամ երկրների ներքին խնդիրներն ու ընթացակարգերը, ու գործընթացը բավականին լուրջ վնասներ է կրում ժամկետների տեսանկյունից: Ուստի այստեղ առավել մեծ աշխատանք ունի իրականացնելու հայկական կողմը, պետք է համաձայնագրի վավերացման գործընթացին ազդակ հաղորդել, կարևորել ԵՄ-ի հետ համագործակցությունը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի աջակիցներ փնտրել ԵՄ-ում և ձևավորվելիք խորհրդարանում ունենալ պատգամավորներ, որոնք խորհրդարանում կաշխատեն հետագայում համաձայնագրի արագ վավերացման վրա:

Այսինքն` ճկունություն է պահանջվում այս հարցում, և որքան ջանք ներդրվի, այնքան ավելի շուտ գործընթացը տեղից կշարժվի: ԵՄ-ն և հետևում է գործընթացներին, բայց նաև չպետք է մտածել, որ ԵՄ-ի համար սա առաջնային կարևորության հարց է: Ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս