Քանի՞ գրություն ու հարցում է Արթուր Սաքունցն ուղարկել Քրեակատարողական ծառայություն ու հիմնարկ, կամ քանի՞ անգամ է այցելել Մհեր Եղիազարյանին հացադուլի մեջ

Երկրորդ օրն է` մեր հասարակության քննարկման թիվ 1 թեման ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ- ի կալանավորված անձ, haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահն է:

Անշուշտ, ցավալի է յուրաքանչյուր մարդու մահ, առավել ևս, երբ այդ մարդը մահանում է ազատազրկման պայմաններում, բողոքի ծայրահեղ միջոցի` հացադուլի մեջ 44 օր գտնվելուց, ապա՝ դուրս գալուց 10 օր անց:

Չենք խոսում ոչ հոդվածների, ոչ մեղավոր լինել-չլինելու, ոչ էլ մահվան նախնական պաշտոնական վարկածի մասին, համաձայն որի` Մհեր Եղիազարյանի մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է:

Շրջանառվող հիմնական քննարկման առարկան 44-օրյա հացադուլն է:

Այստեղ արդեն կրկնակի ստանդարտների սիրահար մեր իրավապաշտպաններն իրենց տարերքի մեջ են: Երբ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանը` հաց բերողը, ով, ի դեպ, մահացավ ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ ազատության մեջ, իրավապաշտպան կառույցները, հայտնի ու անհայտ իրավապաշտպանները, ոլորտ լուսաբանող լրատվամիջոցները, ովքեր ամենժամյա ռեժիմով էին մեկնաբանում վերջինիս հացադուլի յուրաքանչյուր օրը, քիչ էր մնում` քառատեին արդարադատության նախարարին էլ, քրեակատարողական վարչության պետին էլ, հիմնարկին ու բոլոր աշխատակիցներին էլ:

Այս պարագայում որևէ իրավապաշտպան կառույց այս 44 օրվա մեջ կարծես թե ձայն չի հանել, չի անհանգստացել, և հիմա, երբ քննադատության հիմնական թիրախում հենց իրենք պետք է լինեն, սովորության համաձայն` սլաքներն ուղղում են դեպի քրեակատարողական հիմնարկ:

Այսպես, ըստ Արթուր Սաքունցի` ցավալի դեպքի պատասխանատուն ՔԿՀ-ն է: «Հստակ է, որ ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը պատշաճ չի հետևել կալանավորի առողջական վիճակին և միջոցներ չի ձեռնարկել նրա կյանքը փրկելու ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը պետք է մշտապես հետևեր և ահազանգեր այդքան երկար հացադուլի մեջ գտնվող կալանավորի առողջական վիճակի մասին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, ինչպիսին է առողջական վիճակը: «Հանձինս ՔԿՀ-ի՝ կալանավորի կյանքի պահպանման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվել, և դա պետք է քննությամբ պարզվի»:

Հետաքրքիր է, այդ ինչի՞ց է հստակ: Քանի՞ գրություն ու հարցում է պարոն Սաքունցն ուղարկել Քրեակատարողական ծառայություն ու հիմնարկ, կամ քանի՞ անգամ է այցելել Մհեր Եղիազարյանին հացադուլի մեջ, որ նրա համար արդեն հստակ է դարձել, որ մեղքը ՔԿՀ բուժբաժնինն է:

Ո՞ր սեմինարներին են ձեզ սովորեցնում, որ ամեն ինչում ՔԿՀ-ն է մեղավոր, հարգարժան իրավապաշտպաններ:

Ո՞րն է ՔԿՀ-ի բուժբաժնի մեղքը, եթե հացադուլի ողջ ընթացքում կալանավորված անձը գտնվել է առանձին խցում, բուժանձնակազմի ու սոցիալ-հոգեբանական ծառայության հսկողության ներքո, անհրաժեշտության դեպքում հրավիրվել է շտապ օգնություն, բացատրվել է, հորդորել են դուրս գալ հացադուլից, 2 անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, անգամ ցանկացել են գլյուկոզա ներարկել, որ չթուլանա, սակայն Մհեր Եղիազարյանը հրաժարվել է: Հետագայում` հացադուլից դուրս գալուց հետո, գտնվելով ստացիոնարում, կրկին գտնվել է բժիշկների հսկողության ներքո:

Այս մասին հարցազրույցներում, ի դեպ, երեկ նշել է նաև նրա պաշտպանը:

Էլ ի՞նչ պիտի աներ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը, որ չի արել:

Հարգելիներս, քրեակատարողական հիմնարկը չի կալանավորել, և քրեակատարողական հիմնարկը չի որոշել նույնը թողնել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող մարդու խափանման միջոցը:

Ցավոք, նույն թեզը զարգացրել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով. «44 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակի վատթարացումը չէր կարող աննկատ մնալ այն մարմինների համար, որոնք պարտավոր էին ապահովել նրա կենսաապահովման պայմանները։ Հետևաբար, առաջանում է հիմնավոր կասկած, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում, ինչը հանգեցրել է անդառնալի հետևանքների։ Անհրաժեշտ է այս գործի ամբողջական և բազմակողմանի հետաքննություն, մեղավոր անձանց հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում, որպեսզի ապագայում բացառվի նման ողբերգական դեպքերը»:

Սա գրելուց առաջ իրավաբան Էդմոն Մարուքյանն առնվազն պետք է նշեր այն փաստերը, որոնք իրեն հիմք են տվել համոզված կասկածելու, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում:

Միգուցե պարոն Մարուքյանը ևս նշեր այն գործառույթների շրջանակը, որ պիտի աներ ու չի արել քրեակատարողական հիմնարկը:

Իսկ ի՞նչ են արել պարոն Մարուքյանը, իրավապաշտպաններն ու քրեակատարողական հիմնարկը որպես թիրախ դարձրած մնացած սրտացավները`  կանխելու համար անդառնալին:

Տեսանյութեր

Լրահոս