«Արցախի համար ընդունելի չէ կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների զիջումը». Վիտալի Բալասանյան

«Երբ խոսում են բանակցությունների մասին, ապա այդ բանակցությունները պետք է տեղի ունենան պաշտոնական ինչ-որ փաստաթղթի շուրջ, այսօր, իհարկե, բանավոր է տեղի ունենում։ Ովքեր խոսում են, որ ժողովրդին պետք է պատրաստեն խաղաղության, համոզված եմ, հորդորում եմ և առաջարկում, որպեսզի համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները, նախ՝ տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր։ Եթե չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ապա ինչի՞ մասին է խոսքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության։ Ժողովուրդ, այժմ հարց եմ տալիս, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո տարածած հայտարարության բովանդակությանը, համաձայն որի՝ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության։

Նրա խոսքով՝ հայ ազգը կռվարար ժողովուրդ չէ և միշտ էլ պատրաստ է եղել խաղաղության, պատերազմ չի հրահրել, այլ պարտադրված է մտել պատերազմի մեջ, քանի որ Արցախը գտնվել է շրջափակման մեջ։

«Բանավոր բոլոր խոսակցությունները բերելու է ամենավատ վիճակին, քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում։ Արցախի համար ընդունելի չէ կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների զիջումը։ Բանակցությունները ցույց կտան, բայց Արցախը և համայն հայությունը պատրաստ չեն որևէ տարածքային զիջումի ինչ-որ բանի դիմաց։ Ժամանակին մենք այդ զիջումներն արել ենք, 1988, 1991 թվականներին զիջումներ արել ենք, 1994 թվականին ՄԱԿ-ի ընդունած բանաձևերն ընդունել ենք ու պահպանել, իսկ Ադրբեջանը հակառակն էր անում։ Նրանք, ովքեր ասում են՝ մենք 1994 թվականին թույլ ենք եղել, կներեք, բայց ամոթ իրենց, մենք թույլ ենք եղել պատերազմի առաջին շրջանում։ 2016 թվականին էլ ենք զիջել, երբ Հայաստանը պատրաստվում էր հակահարվածի, իսկ Ադրբեջանը չգիտեմ՝ ինչ վիճակում էր, սա զիջում չէ՞ր»,- ասաց Վ. Բալասանյանը։

Նա հորդորեց, որպեսզի այս բանակցությունների համատեքստում ժողովուրդը չմտահոգվի, քանի որ դրանք հերթական բանակցություններն են, որոնք անհրաժեշտ են, և այնպես չէ, որ հայկական երկու պետությունները և զինված ուժերը թույլ են և նկուղներում թաքված։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ պետք է կնքի ռազմաքաղաքական դաշինք, Վիտալի Բալասանյանը նկատեց, որ այդ դաշինքն անպայման պետք է կնքվի, այն պարտադիր պայման է։
«ՀՀ-ի և ԱՀ-ի միջև այդ փաստաթուղթը պետք է լինի։ Դրան կողմ եմ, մենք ժամանակին այդ առաջարկությունն արել ենք։ Համոզված եմ, որ կարճ ժամանակից հետո այդ փաստաթուղթը կունենանք»,- շեշտեց Վ. Բալասանյանը։

Անդրադառնալով  Բանակի օրվան, Վիտալի Բալասանյանը նշեց, որ այսօր ամբողջ ժողովրդի և համայն հայության ամենակարևոր տոներից մեկն է։

«Երբ ունեինք ամենածանր նյութական խնդիրները ՀՀ-ում և ԱՀ-ում, մենք կարողացանք կառուցել այն, ինչ այսօր ունենք, որը համարում ենք մեր փառքը։ Ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր նրանց առջև, ովքեր այսօր մեզ հետ չեն ֆիզիկապես։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին»,- եզրափակեց Վ. Բալասանյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս