Բաժիններ՝

«Կարտոֆիլի ցանքատարածությունները կշարունակեն նվազել, եթե Գյուղնախարարությունը շարունակի այս տգետ քաղաքականությունը». Հրաչ Բերբերյան

«Երբ ամռանն ասում էի, որ կատոֆիլի գինը հասնելու է 400 դրամի, Գյուղնախարարությունից շատերն ինձ մեղադրեցին, որ իբրև ոչնչից տեղյակ չեմ։ Բերբերյանն ամեն ինչից տեղյակ է, բոլոր ցանքատարածություններն անգիր գիտի։ Միայն վերջերս Գյուղնախարարությունը հայտարարեց, որ ցանքատարածությունները պակասել են, որը սերմացու չունենալու հետևանք է։ Այս տարի կրկին նվազելու է, եթե Գյուղատնտեսության նախարարությունը շարունակի այս տգետ քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով սպասվող գարնանացանին և կարտոֆիլի սերմացուի խնդրին։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ կարտոֆիլի ցանքատարածությունները մոտ 30 հազար հեկտարով պակասել են։

Հ. Բերբերյանի տվյալներով՝ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է 54 հազար տոննա կարտոֆիլ, սակայն «վայ չինովնիկների» թեթև ձեռքով այդ թիվն այսօր  նվազել է, քանի որ խանգարել են կարտոֆիլի արտադրությանը, որից հետո Հայաստանն արդեն դարձել է կարտոֆիլ ներկրող։

«Այսօր Թուրքիայից Հայաստան կարտոֆիլ են բերում 160 դրամով, որն աղբ է, ոչ թե կարտոֆիլ։ Մինչև գարնանացանը՝ մարտ ամիս, մենք պետք է կարտոֆիլ սպառենք, ինչի՞ մասին են մտածում։ Ճիշտ է, ֆանտաստիկ ծրագրեր են քննարկում, բայց այդ ամենը դատարկախոսություններ են, իրական գործ չեն անում։ Այս պահին մենք բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետո, որպեսզի կարողանանք կարտոֆիլի բարձրակարգ սերմացու բերենք Հայաստան, ամեն ինչ անում ենք, որ մեր հիմնական ֆերմերներն էլիտար տնկանյութ ստանան։

Այս տարի Եվրոպայում երաշտ էր, նախորդ տարվա համեմատ՝ մոտ 150 եվրոյով սերմացուն թանկացել է, այս պատճառով էլ այս տարի քիչ քանակությամբ կբերենք, քանի որ գյուղացին այս առումով պետությունից որևէ դոտացիա չի ստանում։ Գյուղատնտեսության նախարարությունը սրա  մասին թող մտածի, թե որ ուղղությունները պետք է խթանի»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա դիտարկմամբ՝ լոլիկի արտադրությունը Հայաստանում ձախողվել է «մաֆիոզ ստրուկտուրաների» աշխատանքի արդյունքում, քանի որ հինգ տարի շարունակ իրենք բարձրաձայնում են, թե ինչպես պետք է պայքարեն լոլիկի ցեցի դեմ, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն անում։

Ավելին՝ այսուհետև էլ ոչինչ չեն անի, քանի որ, ըստ նրա՝ շատ ջերմոցատերերի ձեռնտու է, որ լոլիկի ցեցը չվերացվի: «Ամառվա շոգին ժողովրդին ջերմոցի լոլիկ էին վաճառում»,- շեշտեց Հ. Բերբերյանը։

Անդրադառնալով ոռոգման համակարգի խնդիրներին՝ Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահը նշեց, որ այն լուրջ բարեփոխումների կարիք ունի։

«Ի զարմանս մեզ՝ փոխանակ Ջրային պետական կոմիտեն միացնեին Գյուղնախարարությանը, փորձում են այդ նախարարությունը հիմնովին քարուքանդ անել։

Օրինակ՝ ՀՀ վարչապետից արժե հարցնել, թե ինչո՞ւ է գնում այդ նախարարությունը փակելու ուղղությամբ, սա՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում նման նախարարությունը կա, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ հայկական գյուղմթերք արտադրողն իր ներկայացուցիչը կառավարությունում չունենա։ Ոռոգման համակարգի խնդիրների համար մենք լուծում ունենք, բազմիցս հայտարարել ենք, որ առաջին հերթին՝ պետք է լուծեն հէկ-ի խնդիրը և համակարգում մրցունակություն մտցնեն, որը ենթադրում է՝ քանդել ջրօգտագործողների մոնոպոլիան։ Գյուղացուն դրել են «ռամկաների» մեջ ու ասում են՝ ուզես թե չուզես՝ ՋՕ-երով պետք է ոռոգումն անես։ Այդ ջրամբարները կառուցվել են հայ գյուղացու, այլ ոչ թե՝ էներգետիկների կամ չինովնիկների համար»,- ընդգծեց Հ. Բերբերյանը։

Ինչ վերաբերում է անասնակերի պակասին, Հրաչ Բերբերյանն ասաց, որ Հայաստանը կա ու կլինի անասնակեր ներկրող երկիր, քանի որ խոտի բավարար տարածքներ չունի։

«Երկու տարում մենք 80 հազար անասնագլխաքանակի անկում ենք ունեցել, ընդ որում, 40 հազարը կթու կովեր են եղել։ Այսօր այնքան քիչ անասնագլխաքանակ է մնացել, որ գյուղացին արոտավայրերով «յոլա» կգնա, բայց արտադրության խիստ անկումն իրոք խնդիր է։ Վստահ եմ, որ մեր ղեկավարությունն ասում է, ինչ լավ է՝ մի քիչ առաջ կգնանք։

Չզարմանաք, որ վաղն էլ հայտարարեն, թե գյուղատնտեսության աճ է գրանցվել, բայց հո գիտե՞նք, որ 10 տարի է՝ գյուղատնտեսությունը քայքայում են»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս