Քաղաքագետն առաջիկայում կանխատեսում է Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը առաջիկայում պաշտոնական հանդիպում է կանխատեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Այս մասին նա ասաց հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ, որ նրանք մոտ ապագայում պաշտոնական հանդիպում կունենան ու հիմքեր ունեմ կարծելու, որ այդ հանդիպմանն արդեն նախապատրաստվում են»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Դավոսում Փաշինյանի և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպմանը՝ նա այն յուրահատուկ անվանեց՝ ի համեմատություն այն հանդիպումների, որոնք կազմակերպվում էին մինչև հեղափոխությունը։
«Այն նաև սովորական էր, քանի որ առանց հստակ արդյունքի հանդիպումները հատուկ են բանակցային գործընթացներին»,- նշեց Իսկանդարյանը:
Եզրափակելով խոսքը՝ Իսկանդարյանն ընդգծեց, որ Արցախն է զանգվածային գիտակցության և քաղաքական հայտարարությունների որոշիչը:
Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։