Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչը հայտարարել է ՀԷԿ-ի հովացման աշտարակի լավագույն դիզայնի մրցույթ
Հրազդանի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ «Էկոս» ընկերությունը հայտարարում է «Հրազդան» ՀԷԿ-ի հովացման աշտարակի լավագույն դիզայնի մրցույթ:
Երեք անվանակարգում՝ հովացման աշտարակի, ԱՏԳ վարչական գրասենյակի և շրջակա տարածքի լանդշաֆտի լավագույն դիզայն- նախագծի մրցույթը՝ FEZ ECOS Design Competition-ը, ունի 3 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդ։ «Էկոս»-ն ակնկալում է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի բալանսավորված զարգացման մեջ:
Շուտով ընկերությունը մեկնարկելու է ինդուստիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը հիմնած է լինելու «Հրազդան» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Այն դառնալու է նորարարական ստարտափների համար ստեղծվող տեխնոլոգիական քլաստերի մի մասը, ինչպես նաև կատարելու է ԱՏԳ-ի տվյալների կենտրոնի գործառույթները։ «Էկոս»-ը նորարար տեխնոլոգիաների շուկայում սկզբունքորեն նոր մոտեցումներ է առաջարկում։
Մրցույթի մասնակցությանն են հրավիրվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններ, ուսանողներ և շրջանավարտներ:
Հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան նվերներ և ֆինանսավորում` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար: Մրցույթն անցկացվում է 2019 թվականի հունվարի 15-ից մինչև 2019 թվականի մարտի 15-ը ներառյալ:
Հրազդանի Ազատ տնտեսական գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` Հրազդան քաղաքում, որի հիմնական գործառույթն է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ներդնումը, զարգացումն ու կիրառումը: «Էկոս» ընկերությունը հանդիսանում է Հրազդան քաղաքում ԱՏԳ-ի ստեղծման կազմակերպիչը: ԱՏԳ ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծեր` կրթական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև ներդրումների ներգրավվման էլեկտրոնային հարթակներ:
«Էկոս» ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված թվային Հայաստանի այցեքարտն է, որն ավելի ու ավելի գաղթակղիչ է դառնում արտասահմանյան ներդրումների ներգրավման և թվային տեխնոլոգիաների արտահանման տեսանկյունից։
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի ստեղծումն ու ներդրումը, արտահանման ուղղվածություն ունեցող և բարձր տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների տեխնոլոգիապես կայուն զարգացման ապահովումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների ներգրավվումն ու Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովումը։