Գործընթացներ՝ անհասկանալի լռության մեջ. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը:
Ինքնին գրառման հանգամանքը պետք է որ որոշակիորեն թոթափեր արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում նկատվող խորհրդավորությունը, սակայն այդ խորհրդավորությունը գնալով ավելի է խորանում: Նախ՝ ինքնին գրառումը, բացի փաստի արձանագրումից, ուրիշ ասելիք չունի:
Երկրորդ՝ ստացվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցնում է առանց Մինսկի խմբի համանախագահության ներկայության, ինչպես որ հայտնի վերելակային հանդիպումն էր:
Այսինքն՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կա որոշակի շեղում ընդունված ձևաչափից: Ու նույնիսկ երեկվա լայվը առանձնապես բան չավելացրեց, բացի հերթական «եկեք պայմանավորվենք, որ դավադրություն չկա ու չի կարող լինել» կամ «այդպես ստացվեց» հայտարարություններից…
Ակներև է նաև այն հանգամանքը, որ Դավոսյան այցից հետո, որի վերջին շտրիխը Ալիևի հետ հանդիպումն է, Փաշինյանը՝ հավատարիմ իր նախորդների օրինակին, պաշտոնական այցով հերթական, արդեն դժվար է ասել՝ որերորդ անգամ մեկնում է Մոսկվա:
Մոսկվա այցը կարելի է մեկնաբանել մի կողմից Դավոսյան այցի կոնտեքստում, երբ փաստացի արևմտյան աշխարհի տնտեսական առաջատարների հետ հայտարարվող ինտենսիվ շփումներից հետո Փաշինյանը չի մոռանում նաև մեկնել Մոսկվա, մյուս կողմից էլ դժվար է չնկատել նաև Ալիևի հետ հանդիպման ու Մոսկվա այցի հետ կապը: Մանավանդ, եթե հիշենք, որ վերելակային հանդիպումն ու Ալիևի հետ ծանոթությունն ընդհանրապես նախաձեռնել էր Պուտինը:
Այս կոնտեքստում հետաքրքրական է նաև Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների շարքում տեղ գտած, բայց այդպես էլ անտեսված մեկ այլ հայտարարություն առ այն, որ կողմերը պետք է դեմ առ դեմ, առանց միջնորդների հանդիպեն ու խոսեն միմյանց հետ:
Ամեն դեպքում, բացի այս դեմ առ դեմ ֆորմատից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պաշտոնապես շարունակում է մնալ միակը: Սակայն այս իմաստով էլ խորհրդավորությունը պակաս չէ:
Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մի կողմից, Լավրովի հայտարարությունը՝ մեկ այլ կողմից, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին կոչերը՝ մեկ այլ կողմից ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են եղած անհասկանալիությունը: Այդ անհասկանալիությունը խորանում է նաև մեր իշխանությունների լռության պայմաններում, հատկապես, երբ վերհիշում ենք, թե ինչպես էր արցախյան հարցի կարգավորման ցանկացած լուծում Փաշինյանը վերահասցեավորում հրապարակին ու ժողովրդին:
Իհարկե, կարիք չկա նման բարդ հարցերը բերել ու դարձնել ամբոխահաճության առարկա, և այս իմաստով ողջունելի է բանակցային պրոցեսի պրոֆեսիոնալ մակարդակին անցումը:
Բայց մյուս կողմից էլ ստացվում է ամբոխավարական ծայրահեղությանը գալիս է փոխարինելու մեկ այլ ծայրահեղություն՝ թափանցիկության տոտալ բացակայություն: Արցախյան հարցի շուրջ հնչող պարբերական հայտարարությունները խորացնում են կասկածները, որ տեղի է ունենում ինչ–որ բան, զուգահեռ էլ իշխանությունը չի շտապում լցնել այդ տեղեկատվական վակուումը: Արդյունքում այդ վակուումը լցվում է Հայաստանից հնչող դավադրապաշտական տեսություններով, որոնք շատ մոդայիկ էին նախընտրական շրջանում և վստահաբար մոդայիկ կդառնան պատեհ առիթի դեպքում:
Մի կողմ թողնելով բանակցային պրոցեսի բուն ընթացքը՝ հարկ է արձանագրել, որ իշխանությունները կարիք ունեն օր առաջ հստակ խոսել ու պարզաբանել, թե ինչ է ի վերջո տեղի ունենում:
Սա պետք է արվի ոչ միայն ի հավատարմություն նախկինում հռչակ ված հրապարակայնության սկզբունքների, այլև որպեսզի թոթափվի խնդրի շուրջ առկա խորհրդավորությունը: Հայաստանյան հասարակությունը 2016-ի ապրիլին ցույց է տվել, որ պատրաստ է կրել գործընթացի հետևանքները թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական իմաստով, հետևաբար նրանից թաքցնելու կարիք չկա, մանավանդ, որ գոնե հիմա իշխանությունը լեգիտիմ է, ու իշխանություն-հասարակություն երկխոսությունը ունի կայացման պոտենցիալ:
Այլապես այս տեղեկատվական անհասկացվածությունը գնալով խորանալու է ու հնարավոր զարգացումների ժամանակ վնասելու թե՛ խոսելուց խուսափող իշխանությանը, թե՛ հասարակությանը և, որ ամենակարևորն է, պետությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: